
«Այն, ինչ կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, միայն կարելի է որակել ռասիստական պետության քաղաքականություն, որն ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ»,- այսօր Ազգային ժողովում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ղազանչեցոց եկեղեցին վանդալիզմի ենթարկելուն:
«Եվ այլ բառ, քան բարբարոսություն որակել Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը, հնարավոր չէ ասել: Սա մի պետության քաղաքականություն է, որը տպավորություն է թողնում, որ մարդիկ չունեն մշակութային պատմություն և հենց նման մոտեցմամբ էլ մոտենում են հայկական մշակույթին` փորձելով վերացնել բոլոր հետքերը,- հայտարարեց Մակունցը։- Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է լինի բոլոր միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում, հարցը պետք է լինի նաև Մինսկի խմբի համանախագահության ուշադրության կենտրոնում` հետագա լուծումների առումով»:
Մակունցն ընդգծեց` հայության նկատմամբ էթնիկ ատելությունը չի կարող չունենալ արձագանք:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ այդ ատելությունը, արմենոֆոբիկ պուրակի բացումը վկայում են, որ Արցախի հայերի անվտանգ գոյությունը Ադրբեջանի կազմում անհնարին է, և աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը։