Երեկ կայացավ Սերխիո Ռամոսի հրաժեշտի մամուլի ասուլիսը։ Araratnews.am-ը ներկայացնում է ասուլիսի ընթացքում հնչած հիմնական հայտարարությունները։ 2021 թվականի հունիսի 30-ին ավարտվում է Սերխիո Ռամոսի պայմանագիրը, որը երկարաձգելու համաձայնության կողմերը չեն հասել։

«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային եւ բասկետբոլային ակումբների նախագահ Ֆլորենտինո Պերեսն ասաց․

«Այսօր դժվար օր է։ Ես չեմ մոռանա 2005 թվականի սեպտեմբերի 8-ը, երբ Սերխիոն եկավ «Ռեալ Մադրիդ»։

Սիրելի Սերխիո, անցել է 16 տարի, եւ դու տպավորիչ կարիերա ունես։ Ես շատ հպարտ եմ քեզանով, դու էտալոն ես եւ «Ռեալի» մեծ լեգենդներից մեկը։ Դու խորհրդանշական կապիտան ես։ Շնորհակալություն քեզ այն ամենի համար, ինչ դու արել ես «Ռեալի» համար։ Շնորհակալ եմ, որ թողել ես շատ բաներ՝ հանուն «Ռեալի» մարզաշապիկի»։

Սերխիո Ռամոսն ասաց, որ այս ամենը դեռ վերջը չէ, եւ խոստացավ վերադառնալ ավելի ուշ։

«Ես անպայման կվերադառնամ, «Ռեալը» միշտ կմնա իմ սրտում։ Ես եկա այստեղ, երբ երեխա էի, ընդհամենը 19 տարեկան։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, նախագահին, իմ մարզչին, թիմակիցներին եւ ակումբի անձնակազմին։ Դուք ընդմիշտ կմնաք իմ սրտում։

Մենք միասին մեծ ջանքեր գործադրեցինք, շատ բաներ զոհեցինք, նվիրում ցուցաբերեցինք եւ նվաճեցինք 22 տիտղոս։ Մեծ դարաշրջանը մոտենում է ավարտին։ Սա իմ կյանքի ամենածանր փուլն է։

Ես հետագայում էլ ցույց կտամ այն ամենը, ինչ իմ ուժերի սահմաններում է։ Հուսով եմ՝ իմ նվաճումների մեջ դեռ մի քանի մրցանակներ կավելացնեմ։ Ես ոչ մի տեղ ինձ այնքան լավ չեմ զգա, ինչքան այստեղ: Ամեն անգամ, երբ հագել եմ այս մարզաշապիկը, կարծես հոգիս լքել է մարմինս։ Ես երբեք չեմ ցանկացել հեռանալ «Ռեալից», ինձ համար միշտ կարեւոր է եղել մնալ այստեղ։

Ինձ առաջարկեցին մեկ տարով երկարաձգել պայմանագիրը՝ աշխատավարձի իջեցմամբ։ Խնդիրը գումարը չէր, ես պարզապես ուզում էի երկու տարվա պայմանագիր։ Երբ ես վերջապես որոշեցի համաձայնել եւ մեկ տարով երկարաձգել պայմանագիրը, ակումբն ինձ հայտնեց, որ առաջարկն այլեւս չկա։ Չգիտեմ, թե ինչու լրացավ առաջարկի ժամկետը՝ ակումբն ինձ չէր զգուշացրել այդ մասին»,- ասաց Ռամոսը։

Ֆուտբոլիստը նշեց, որ չի հուսահատվում. «Դեռ կհանդիպենք»,- ասաց նա։ 

«Ես երբեք «Բարսելոնայի» հետ պայմանագիր չէի կնքի՝ դա անհնար է, երբեք չեք տեսնի, թե ինչպես է Ռամոսը խաղում «Բարսելոնայի» մարզաշապիկով։

Ես դեռ պետք է ուսումնասիրեմ այլ ակումբների առաջարկները։ Ակումբների հետ ես կարող էի բանակցել դեռ հունվարին, ինձ մի քանի անգամ զանգահարել են տարբեր առաջարկներով, բայց ես երբեք չեմ ցանկացել հեռանալ «Ռեալից»,- ասաց ֆուտբոլիստը։

Ավարտելով ասուլիսը` Ռամոսը նշեց, որ Զինեդին Զիդանը լավագույն մարզիչն է, եւ որ նա սիրում է Զիդանին, ինչպես իր ընտանիքի անդամի։

«Դեռ չգիտեմ, թե որ ակումբում եմ լինելու: Դուք առաջինը կիմանաք իմ որոշման մասին»,- եզրափակեց ֆուտբոլիստը։

Ասուլիսի ավարտին Սերխիո Ռամոսը չկարողացավ զսպել արցունքները եւ արտասվեց՝ նրան ճանապարհեցին ծափերով։

Մարիամ Գեւորգյան

567