Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) կարգապահական վարույթ է հարուցել Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի նկատմամբ։ ԲԴԽ-ի որոշման մեջ նշվում է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի` 11.02.2021 թվականին Արդարադատության նախարարին ներկայացրած հաղորդումը:

«Ուսումնասիրելով վերոնշյալ հաղորդումը՝ Արդարադատության նախարարը 16.03.2021 թվականին Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ: Արդարադատության նախարարի պաշտոնակատարի 17.05.2021 թվականի N-38 Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին` Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունն ստանալու պահից եռամսյա ժամկետում:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրում և վարում է Բարձրագույն դատական խորհրդի նիստերը, ստորագրում է Բարձրագույն դատական խորհրդի որոշումները, ներկայացնում է Բարձրագույն դատական խորհուրդն այլ մարմինների հետ հարաբերություններում, ինչպես նաև իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ լիազորություններ:

«Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» 22.10.2020թ. թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման հավելվածի 91-րդ կետի համաձայն` Խորհրդի նախագահը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի բոլոր նյութերը ստանալու պահից մեկամսյա ժամկետում քննարկման համար նշանակում է խորհրդի նիստ:

Միջնորդությունը և վարույթի նյութերը Խորհրդի անդամներին է ներկայացվում նիստից առնվազն 10 օր առաջ»,- ասվում է հաղորդագրությունում: Դատավոր Կարինե Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի նիստ է նշանակվել հունիսի 14-ին ժամը 15:00-ին։
 

312