Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններն աղետ են աշխարհում Արևմուտքի հանդեպ վստահության հարցում, և արևմտյան հետախուզական ծառայությունները չկարողացան դա կանխատեսել՝ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:

«Մինչդեռ, 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ն օրական 300 միլիոն դոլար է ծախսել Աֆղանստանում, իսկ արդյունքները շատ համեստ էին: Իշխանափոխությունն Աֆղանստանում իսկական աղետ է ինչպես այդ ժողովրդի, այնպես էլ մյուս պետությունների համար»,- հավելել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ դադարեցնում է Աֆղանստանին տրվող օգնությունը, քանի որ միջազգային հանրությունը հստակ պատկերացում չունի երկրի կառավարության կարգավիճակի վերաբերյալ: Մինչդեռ հաջորդ շաբաթ ԱՄՀ-ն պետք է մոտ 400 մլն դոլարի օգնություն փոխանցեր Աֆղանստանին:

Ի տարբերություն Արևմուտքի հոռետեսության, Մոսկվան ողջունել է թալիբների հայտարարությունը, որ պատրաստ են երկխոսության Աֆղանստանի քաղաքական այլ ուժերի հետ և պատրաստակամություն է հայտնել խրախուսել նման գործընթացները՝ ձգտելով նրանց մտադրությունները վերածել կոնկրետ քայլերի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և հավելել, որ «Թալիբան» շարժման զինյալները դեռ չեն վերահսկում Աֆղանստանի ամբողջ տարածքը: Քանի դեռ թալիբները չեն հասել լիակատար վերահսկողության երկրում, դա, ըստ Լավրովի, թույլ է տալիս Ռուսաստանին պահպանել հետևողական դիրքորոշումը: Մոսկվան «պաշտպանում է բոլոր կողմերի մասնակցությամբ ազգային երկխոսության հրատապ անցման անհրաժեշտությունը»:

Չնայած բռնություններ չկիրառելու խոստումներին, ականատեսների վկայությամբ, Աֆղանստանում թալիբների հաշվեհարդարը բնակչության նկատմամբ շարունակվում է: Երկրի անկախության օրը շարժման գրոհայինները մի քանի քաղաքում կրակել են տոնի համար հավաքված ամբոխի վրա: Ջելալաբադում կրակ են ամբոխը ցրելու համար, սպանել են 4 մարդու, երեքին էլ բռնել են, Ասադաբադում կրակել են ազգային դրոշով մեքենաների ուղղությամբ, կրակոցներ են եղել նաև հանրահավաքի ժամանակ, մի քանի մարդ մահացել է հրմշտոցի ու կրակոցների պատճառով:

Նման միջադեպ է եղել նաև Քաբուլում: Մայրաքաղաքի բնակիչներից մեկը հայտնել է, որ թալիբները հենց փողոցներում, բոլորի աչքի առաջ, սպանում են խաղաղ բնակիչներին: Բացի այդ, շարժման առաջնորդները բանտերից ազատ են արձակում հանցագործներին, որոնք անպատիժ կողոպտում են մարդկանց, իսկ դիմադրություն ցույց տվողներին սպանում:

Կրակոցները չեն դադարում նաև մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանում: Այնտեղ դեռևս քաոսային իրավիճակ է, և կրակոցներից ու հրմշտոցից 12 մարդ է մահացել: Թալիբները հորդորել են փաստաթղթեր չունեցողներին լքել օդանավակայանի տարածքը և չվտանգել իրենց կյանքը:

1lurer.am

258