ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը օգոստոսի 31-ին հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և հաղորդակցման ու կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ:

Հանդիպմանը քննարկվեցին Արցախյան հակամարտության կարգավորմանը, հայկական կողմի գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր: Կարևորվեց անհետ կորած անձանց իրավական պաշտպանությանն ուղղված քայլերի իրականացումը:

Էդուարդ Աղաջանյանը կարևորեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը՝ նշելով, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության: Հանձնաժողովի նախագահը հյուրին մանրամասն ներկայացրեց Կառավարության հնգամյա ծրագրով նախանշվող քայլերը:

Թիերի Ռիբոն ներկայացրեց հետպատերազմյան շրջանում ԿԽՄԿ-ի իրականացրած գործունեությունը՝ շեշտելով կազմակերպության համակարգված աշխատանքը տարածաշրջանում  Երևանի, Բաքվի և Լեռնային Ղարաբաղի գրասենյակների միջև:

Նա հավաստիացրեց, որ ԿԽՄԿ-ն առավելագույն ջանքեր է գործադրում գերեվարված անձանց պահման պայմանների և նրանց հանդեպ վերաբերմունքի վերահսկման ուղղությամբ: Կառույցի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հայ գերեվարվածներին և օգնում նրանց պահպանել կապը ընտանիքների հետ:

Նշվեց, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է իրականացնել իր մարդասիրական առաքելությունը որպես չեզոք միջնորդ մի շարք հարցերով՝ ներառյալ աջակցությունը սահմանամերձ բնակչությանն ու անհետ կորածների և նրանց ընտանիքների խնդիրները:

191