
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:10–ի սահմաններում Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի Նորամարգ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտ 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Բաբայանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ա. Բաբայանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: