
«Թալիբան» շարժումը մտադիր չէ այլ երկրների հետ համատեղ հակաահաբեկչական գործողություններ իրականացնել կամ ահաբեկիչների մասին տեղեկատվություն փոխանակել: Այս մասին հայտնել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Սուհեյլ Շահինը:
«Մենք մտադիր չենք հակաահաբեկչական հարվածներ հասցնել կամ հետախուզական ծառայություններ կիսել այլ պետությունների հետ: Մեր հետախուզության և պաշտպանության վարչությունները դա կանեն ինքնուրույն»,- նշել է Շահինը:
Նրա կարծիքով՝ թալիբներն ունեն հնարավորություններ, փորձ և անհրաժեշտ զենք՝ անվտանգության մարտահրավերներին արձագանքելու համար: Իսկ այլ պետություններ «կարող են իրենց մտահոգությունը հայտնել նրանց դիվանագիտական շփումների միջոցով»:
Միաժամանակ Շահինը կրկնել է թալիբների հայտնի թեզը՝ «ոչ ոք չի կարող աֆղանական հողն օգտագործել այլ երկրների դեմ»: Նրա խոսքով՝ ահաբեկչական կազմակերպություններից հեռանալը բխում է Աֆղանստանի շահերից, քանի որ թալիբները մտադիր են կենտրոնանալ երկրի վերակառուցման վրա: