Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Կորչոկի այցը Հայաստան և կարևորել Սլովակիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը։ Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Սլովակիայի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետաքրքրություն է ցուցաբերվում։

Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ նախորդ տարի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, վերջինիս կողմից հայ ռազմագերիների վերադարձի պայմանավորվածությունը չկատարելուն, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին: Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, միջազգային հանրությունից Հայաստանի ակնկալիքներն ու ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը և շեշտել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակության կարևորությունը:

Սլովակիայի ԱԳ նախարարը նշել է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացման հարցում իր երկրի կառավարության շահագրգռվածությունը, մասնավորապես, Իվան Կորչոկը կարևորել է տնտեսության, այդ թվում՝ բիզնես կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մեծ պոտենցիալի իրացման կարևորությունը, նաև փոխանցել Սլովակիայի ղեկավարության բարեկամական ուղերձները հայ ժողովրդին ու Հայաստանի վարչապետին։ Պարոն Կորչոկը հայտնել է՝ տպավորված է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով ու շեշտել՝ չնայած համավարակի ու պատերազմի հետևանքներին, Հայաստանը բռնել է զարգացման ուղի։

Պարոն Կորչոկն ընդգծել է, որ Սլովակիան գնահատում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի ջանքերը և կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Սլովակիայի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարել տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը և իր երկրի աջակցությունը հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

161