Պատմության մեջ առաջին անգամ  Թուրքիայում ԱՄՆ դեսպանը նախապես հայտարարում է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ջանքեր գործադրելու մտադրության մասին։

ԱՄՆ նախկին հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքը, որը պատրաստվում է դառնալ Թուրքիայում ԱՄՆ դեսպան, հայտարարել է Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ջանքեր գործադրելու մտադրության մասին։ 

Նա դրական պատասխան է տվել ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսի հարցին, թե նա ապագայում կմիանա՞ այդ մարմնին և վարչակազմին՝ Հայոց ցեղասպանության հաստատման հարցում:

Ֆլեյքը նաև հաստատել է, որ մտադիր է մասնակցել ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա միջոցառումներին:

Հետաքրքրական է, որ նախկինում, որպես ԱՄՆ կոնգրեսական, Ֆլեյքը չի քվեարկել Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին:  Ֆլեյքը նշել է նաև, որ Թուրքիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները չպետք է չեղարկվեն, եթե անգամ Անկարան հրաժարվի С-400-ի ձեռքբերումից։ Նրա խոսքով՝ Անկարայի կողմից ռուսական այդ համալիրների կիրառումը կհանգեցնի նոր պատժամիջոցների։

664