Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 2 տարին մեկ անգամ հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը:

Պալիատիվ բուժօգնության նպատակը պացիենտի, երբ բախվում է անբուժելի հիվանդությամբ պայմանավորված խնդիրների հետ, և նրանց ընտանիքի անդամների կյանքի որակի բարելավումն է, երբ բուժումն այլևս արդյունավետ չէ: Պալիատիվ բուժօգնության միջոցով կանխվում կամ թեթևացվում է պացիենտի տառապանքը: Այս մոտեցումը ստեղծում է միանգամայն նոր իրավիճակ, երբ պայքարում են պացիենտի «արժանապատիվ կյանքի» համար:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության, կարևորելով պալիատիվ օգնության դերն ու նշանակությունը` 2017 թվականին կառավարության կողմից հավանության է արժանացել «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը»:

Մշակվել և հաստատվել են «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը», «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակում պացիենտի ցավի գնահատման և կառավարման ուղեցույցը», «Բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման կարգը և պայմանները», պարզեցվել են «պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում» մատուցելու, այդ թվում` շարժական (մոբիլ) ծառայության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:

Ներկայումս Հայաստանում լիցենզավորվել է պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 30 բժշկական հաստատություն, որտեղ պալիատիվ բուժօգնության  մասնագետները (բժիշկ, բուժքույր, հոգեբան և սոցիալական աշխատող) ցուցաբերում են անհրաժեշտ ծառայություններ դրա կարիքն ունեցուղ պացիենտներին: Հայաստանում 17 բժշկական հաստատություն պալիատիվ բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնում են պետական պատվերի շրջանակներում:

2021 թվականին ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բացվել է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ (ամոքիչ) խնամքի կլինիկան,  որը տրամադրում է մանկական պալիատիվ բժշկական օգնություն կյանքը սահմանափակող հիվանդություններով երեխաներին:

Կլինիկան բազմամասնագիտական թիմային ծառայություններ է մատուցում շաբաթը 7 օր` 24 ժամ սկզբունքով, որն ուղղված է հնարավորինս բարելավելու պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակը: Կլինիկան ապահովված է համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով` վերապատրաստված բժիշկներ, հոգեբաններ, բուժքույրեր: Բաժանմունքն ունի 5 մահճակալ:

2022 թվականին նախատեսվում է ընդլայնել պալիատիվ բուժօգնության ծառայությունների մատուցման աշխարհագրությունը` ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։

734