Շուշի քաղաքի մուտքի խաչմերուկի հարևանությամբ ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Իրավապահ մարմինների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան աշխատանքներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, ինչի պատճառով Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհահատվածի Շուշիի հատվածում երթևեկությունը կարճ ժամանակով դադարեցված է»,–գրել է նա։

Արցախի ՄԻՊ–ը նշել է, որ արձանագրված միջադեպը հայ ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է։

«Ադրբեջանական կամայականություններին ու անպատժելիությանը պետք է վերջ դրվի, ինչը հնարավոր է Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական կողմի նման հանցավոր գործողությունների ուսումնասիրության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հստակ մեխանիզմների ներդրմամբ»,–նկատել է Ստեփանյանը։

1501