2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարության մեկ տարին լրանալու նախաշեմին՝ երեկ՝ նոյեմբերի 8-ին, «Ազատության» հրապարակում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ քաղաքական թիմի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, հանրահավաք էր հրավիրել, որով, ըստ Քոչարյանի, համազգային դիմադրության սկիզբն են ազդարարում:

Հանրահավաքին բացի ընդդիմության մի շարք ներկայացուցիչներից, ելույթ ունեցավ նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, որը, անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմին, մասնավորապես նշեց. «Իշխանությունն արեց ամեն ինչ՝ պատերազմը անխուսափելի դարձնելու համար. ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջական դաշտ, ըստ էության՝ հրահրեց պատերազմ»:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով Քոչարյանի՝ գործող իշխանությանը պատերազմ հրահրելու մեջ մեղադրող հայտարարությանը, այն համարեց հակահայ:

«Նախ, եթե խոսվում է բանակցությունները ձախողելու մասին, ապա այդ խոսքերի հասցեատերը Սերժ Սարգսյանն է, որը հրապարակայնորեն հայտարարել է, որ բանակցությունները դադարել էին: Նա դրա մասին խոսել էր դեռ 2018-ին: Պատերազմ հրահրելու մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը հակապետական է: Այլ կերպ այն մեկնաբանել չեմ կարող: Իշխանությանը կարելի է դեմ լինել, չսիրել, բայց պետությանը հարվածել չի կարելի»,- նշեց քաղաքագետը:

Մեհրաբյանի խոսքով՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդն այս հայտարարությունից հետո դառնալու է «Հաքքին ազ-ի» գլխավոր հերոսը:

«Որովհետև այն, ինչ հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը, ադրբեջանական պրոպագանդայի համար երազանք է: Նա երբ բառեր է շաղ տալիս՝ առանց մտածելու հետևանքների մասին, ինտելեկտի բարձր ցուցիչի մասին չի խոսում»:

Քոչարյանը, ելույթում անդրադառնալով կոռուպիցոն բացահայտումներին, երեկ ասել էր. «Խոստացել էին կոռուպցիայի և թալանի դեմ պայքար, այսօր թալանի առաջատարներն են: Այսօր մտել են ձեր բոլորի գրպանը, փող են դիզում, փող են աշխատում գնաճի վրա, կորոնավիրուսի վրա, հիվանդների, մահերի վրա: Քերթում են, ինչ հնարավոր է քերթել»:

Քաղաքագետը, անդրադառնալով Քոչարյանի՝ գործող իշխանությունների թալանչի լինելու պնդումներին, նկատեց՝ դրա համար փաստեր են պետք:

«Թալանը քրեական հանցագործություն է: Թալանի հետ կապված գործով հենց ինքը Քոչարյանն է անցնում: Եթե ինքը ունի ապացույցներ, ապա թող դրանք ներկայացնի. դատական համակարգը բաց է իր հայցերի համար»: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

2251