
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են ռուսական համարանիշներով Ford Transit ավտոմեքենան և КамАЗ մակնիշի՝ ցեմենտով բարձված ավտոցիստեռնին։
Վթարի հետևանքով Ford-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է հիվանդանոց։
Վերջիններս հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել վարորդին դուրս եբերել ավտոմեքենայից։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է КамАЗ-ի և հիվանդանոց տեղափոխված Ford-ի վարորդի ինքնությունը։