Առողջապահության նախարարությունն անդրադարձել է մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկների ազատման դիմումներին ու բաց նամակին: Նախարարությունն ազնիվ չի համարում պացիենտների առողջությունը շահարկելը, երբ պարզապես լրացել է տնօրենի պայմանագրի ժամկետը: Այդ մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:

 

ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ինչի մասին նա տեղյակ է եղել 2019 թվականի հունվարի 14-ին այն ստորագրելիս:

Առողջապահության նախարարությունը նաև հիշեցնում է, որ երբ աշխատանքից ազատվել էր նույն կենտրոնի նախկին տնօրենը և Սամվել Դանիելյանն էր նշանակվում որպես տնօրենի պաշտոնակատար, աշխատակազմից որոշները խոչընդոտում էին Սամվել Դանիելյանի մուտքը բուժհաստատություն:

 

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ծանուցել է ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին, որ պայմանագրի ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 1-ին, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։

 

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բոլոր բժիշկները ազատման դիմումներ են ներկայացրել և բաց նամակ հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում նշվում է, որ, հաշվի առնելով կայացված չհիմնավորված և անտրամաբանական որոշումը, խնդրում են ընթացք տալ տվյալ որոշման վերանայմանը` հնարավորություն ընձեռելով շարունակել ոլորտի զարգացմանն ուղղված անավարտ ծրագրերը։

 

 

 

373