«Հովվին, որ ադրբեջանցիները տարել են, մի ուրիշ հովիվ հեռվից տեսել է, որ տանում են։ Արագ կապվել է էդ հովվի տղայի հետ և ասել` թուրքերը հորդ տանում են։ Տեղյակ է պահել նաեւ մեզ։ Մենք կապ ենք հաստատել  ռուս խաղաղապահների և մեր սահմանապահ զորքերի հրամանատարությունների հետ ու անմիջապես հասել ենք դեպքի վայր, որտեղից որ տարել են»,- Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ 

Վերջինիս խոսքերով՝ մոլորված հովվին վերադարձնելու բանակցությունները վարել է ռուս խաղաղապահների հրամանատարը, և 3-4 ժամվա ընթացքում նրան հետ են բերել գյուղ։ 

Համայնքապետը վստահեցրեց, որ հովվին չեն խփել, խոշտանգման չեն ենթարկել, անգամ թեյ ու վրացական օղի են առաջարկել։

Մեր հարցին, թե ադրբեջանցիները հովվի հետ միաժամանակ վերադարձրե՞լ են ոչխարները՝ Ղուլունցը բացասական պատասխանեց. «Մոտ 300 գլուխ ոչխար է եղել։ Մենք ռուս խաղաղապահներին ապացույցի տեսքով լուսանկար ենք տվել։ Այս պահին բանակցություններ են ընթանում»,- ասաց նա, մեկ անգամ եւս հավելելով, որ հովվի վերադարձը ռուս խաղաղապահների և սահմանապահ զորքերի քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ 

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչը հոտը արոտավայր էր տարել և հայտնվել ադրբեջանական կողմում։ Այնուհետև բանակցություններից հետո ադրբեջանցիները ժամեր անց նրան հանձնել էին ռուս խաղաղապահներին։ 

 

4671