AraratNews.am-ը սկսում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Էդուարդ Պողոսյանն է:

Էդուարդ, ի՞նչ եք կարծում, մեր օրերում հնարավո՞ր է անաչառ լրագրող լինել:

Մասնագիտական ընտրություն կատարել եմ դեռ վաղ տարիքում, և այս հանգամանքը նշում եմ, քանի որ ընտրությունս փոփոխման չի ենթարկվել, բայց եթե չի ենթարկվել փոփոխության, չի նշանակում, որ ամեն բան եղել է միանշանակ: Օրինակ՝ չեն եղել մտատանջող հարցեր։ Հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ամենամտատանջող հարցը առնչվել է հենց անաչառությանը, քանի որ տեսակով միշտ եղել եմ այնպիսին, որ երբեք չեմ խորշել արտահայտել այս կամ այն իրադարձության վերաբերյալ տեսակետս․ ես մտածում էի՝ ինչ, դառնալով լրագրող պիտի հետայսու լռեմ, չարտահայտեմ տեսակետս, որպեսզի հասարակական ընկալումը իմ մասին որպես լրագրող, լինի անաչա՞ռ։ Արդյո՞ք իմ կարծիքի արտահայտումը կարող է խափանել անբիծ մասնագիտական ընթացքը։ Եվ ես այս ամենի վերաբերյալ եկա հետևյալ եզրահանգմանը, որ բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ, առաջին հերթին մարդ են, և կյանքում կան բնական օրենքներ, որոնց դեմ որևէ մեկը չի կարող գնալ։  Դու չես կարող ինչ-որ փուլում ուղղակի կամ անուղղակի կերպով դադարել կարծիք ունենալ տարբեր երևույթների վերաբերյալ, և հատկապես, եթե ունես ցանկություն դրանք արտահայտելու՝ պիտի արտահայտես, այն էլ ներկա պայմաններում, երբ քեզ տրված «անձնական տարածքները», ի դեմս սոցկայքերի, շատ են, հակառակ դեպքում  դերդ կեղծ ես խաղում․ սա, ըստ հասարակ տրամաբանության, իսկ արդյո՞ք իմ մասնագիտությունն արգելում է ինձ կարծիք ունենալ։ Պատասխանը՝ ոչ։ Մեդիայի մասին, դրա դերի ու նշանակության, առաքելությունների մասին մենք քիչ գիտենք, բայց շատ ենք խոսում։ Ուղղակի մեր օրերում և իրականության մեջ կարծիք երևույթը դուրս է եկել իր բովանդակությունից, սրա մեջ է ներմուծվել սանձարձակությունը, ինչին այսօր ականատես ենք։ Կարծիքը պիտի լինի բովանդակային, հստակ․ սա է ինձ համար կարծիքը, և անգամ որպես լրագրող, նման կարծիքներ արտահայտելով , դու չես կարող հասարակության կողմից ընկալվել  որպես կողմնապահ կամ առնվազն ոչ անաչառ։ Բայց սա հարցի չարյաց փոքրագույնն է, հետո գալիս է այն հարցը, թե որտեղ ես աշխատելու․ այսօր մեդիաոլորտը, ըստ էության, խիստ քաղաքականացված է, սա նշում եմ, քանի որ, հատկապես մեր իրականությունում  «ոչ անաչառ» ստատուսի ձեռքբերման բաստիոնը հենց քաղաքական տեսակետներն են ըստ իս, և եթե դու աշխատում ես հասարակությանը հայտնի քաղաքական հայացքներ և ուղղվածություն ունեցող ԶԼՄ-ում, ինչպիսին լինես էությամբ, ինչքան մաքուր լինեն մղումներդ ու կենսագրությունդ, նույնականացվելու ես  որպես գործատու կազմակերպությանդ գաղափարները կիսողի հետ։ Բայց այս ամենի ֆոնին «անհետանում են» իսկապես, անաչառ լրատվականները, որտեղ, այո՛, աշխատում են անաչառ լրագրողներ, սակայն փաստենք, որ նրանք այնքան քիչ են, որ իրենց համար գործունեություն ծավալելն էլ է դժվար, բայց նրանք կան։ Իրերը իրենց անուններով կոչենք։ Այո՛, հնարավոր է լինել անաչառ լրագրող։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում հիմնականում ի՞նչ առարկաներ եք ուսումնասիրել: Դրանցից որո՞նք են հետագայում Ձեզ օգնելու աշխատանքային գործունեության ընթացքում:

Դեռ սովորում եմ առաջին կուրսում և բնական է, որ առաջին կուրսում չպիտի ուսումնասիրենք միայն մասնագիտության հետ ուղիղ կապվող առարկաներ, բայց այնպես չէ, որ մեր դասացանկում դրանք քիչ են։ Ըստ էության, ամենակարևոր առարկան, որպես էդպիսին, համարում եմ  ժուռնալիստիկայի տեսություն և պրակտիկա առարկան, որի միջոցով ծանոթանում ենք մեր մասնագիտությանը խորապես և ամբողջովին, իսկ առարկաներ, որոնք կօգնեն հետագայում՝ մասնագիտական գործունեություն ծավալելիս, կնշեմ հաջորդ մեր մասնագիտական 2 առարկաները՝ օպերատորական գործ և հեռուստառեժիսուրայի հիմունքներ և ԶԼՄ տեխնիկա-տեխնոլոգիա։ Առաջինի դեպքում  մենք ծանոթանում ենք օպերատորությանը, ինչը մեզ համար շատ կարևոր է, երկրորդի դեպքում՝ բոլոր այն տեխնոլոգիաներին և դրանց կիրառումներին, որոնց միջոցով ենք հետագայում լրատվությունը հասցնելու հանրությանը։

Արհեստավարժ լրագրողը, նախ և առաջ, ի՞նչ առաջնահերթ որակների պետք է տիրապետի:

Իմ համեստ գիտելիքների վրա հենվելով՝ կարող եմ ասել, որ ինձ համար արհեստավարժ լրագրողը պիտի լինի անաչառ, խորամանկ, աշխատասեր, ունենա լավ հիշողություն և լինի սթրեսակայուն․ կառանձնացնեմ սրանք։

Միջինը քանի՞ լեզվի պետք է տիրապետի լավ լրագրողը:

 

Փոքր տարիքում, լսելով հայտնի «քանի լեզու գիտես, այնքան մարդ ես» ասացվածքը, ավելի մանկական ընկալմամբ էի ֆիքսել, բայց հիմա, այո՛, քանի լեզու գիտես, այնքան մարդ ես։ Չկա ֆիքսված թիվ ըստ իս․ ուղղակի ամեն մեկը պիտի գիտակցի, որ ինչքան շատ լեզուների տիրապետեց, այնքան աշխարհն ավելի իրենն է լինելու։

Լրագրողն իր անձնական կարծիքը ո՞ր հարթակներում պետք է արտահայտնի:

Առաջին հարցում էլ անդրադարձա այս մասին, բայց սիրով նաև հիմա պատասխանեմ․ մեր իրականության մեջ շատ են ու բազմապիսի ընձեռված հնարավորությունները՝  սեփական կարծիքը հանրայնացնելու համար․ օրինակ՝ սոցիալական կայքերի հարթակները։ Դրանք ամենահարմարն են, կարծում եմ։

Ո՞րն է լրագրողի ու հաղորդավարի հիմնական տարբերությունը:

 

Լրագրողի և հաղորդավարի մասնագիտական և աշխատանքային պարտավորությունները բովանդակապես խիստ տարբեր են․ լրագրողը գրում է, թե ինչ է եղել, ներկայացնում, հաղորդավարը, որպես էդպիսին, վարում է հաղորդումը (կախված, թե որ ֆորմատն է մեր քննարկման առարկան)։ Ու նաև պիտի նշեմ, որ մեր իրականությունում ՝ նույնականացվում են լրատվական մեկնաբանի և հաղորդավարի աշխատանքները, բայց դրանք առնվազն տարբեր են։

Ո՞ր ուղղությամբ եք նախատեսում շարունակել մագիստրատուրան:

Ապագայապաշտ չեմ, բայց հավատում եմ ապագայիս։ Սահյանն ասում էր ՝ «Միշտ ապագան մենք կատարյալ ենք տեսնում և միշտ կատարյալը ապագայում ենք տեսնում», համամիտ եմ մեծ բանաստեղծի հետ, ուղղակի ես այն մարդկանց շարքին եմ դասվում, որոնք չեն կարող չիմանալ, թե ինչի համար արթնացան այսօր, ինչ պիտի անեն այսօր, և այս սկզբունով առաջնորդվելով , կառուցել եմ իմ ճանապհային քարտեզը մինչև 35 տարեկան․ ես գիտեմ, թե ինչ եմ անելու մինչ այդ, և բանական է, որ կունենամ արտահերթ որոշումներ, ծրագրեր, բայց առնվազն կմախքը ունեմ։ Հստակ որոշում ունեմ արդեն, որ մագիստրատուրայի ծրագրի շրջանակներում ուսումնասիրելու եմ այլ գիտություն․ որոշել եմ, որ դա պիտի լինի քաղաքագիտությունը։ Ուսումնասիրել եմ մեր կրթական համակարգի ընձեռած հնարավորությունները՝ այս գիտության ուսումնասիրության շրջանակներում․ կան առաջարկվող լավ տարբերակներ, ինձ համար արդեն կան նախընտրելիներ, սակայն դեռ վերջնական որոշում չունեմ, հատկապես, որ ժամանակն էլ դեռ իմ օգտին է։

Տարածված կարծիք կա, որ լավ լրագրող լինելու համար պարտադիր չէ ակադեմիական մակարդակով լրագրություն սովորել: Համաձա՞յն եք:

Որպես էդպիսին, կասեմ, որ «լավ լրագրող լինելու համար պետք է ակադեմիական կրթություն» ասվածի մեջ ինչ-որ չափով կա ճշմարտություն, բայց առնվազն ես, այո՛, ճանաչում եմ մի շարք լրագրողական գործունեություն ծավալող անձանց, որոնք դաշտում ունեն մեծ հեղինակություն, բայց նրանց ակադեմիական կրթությունը լրագրությունը չէ։ Ժամանակի հնարավորությունները շատ են, հետո գիտենք, որ կա քաղլրագրություն ասվածը, ինչի համար ակադեմիական կրթություն ևս պետք չէ։ Այսօր, գրեթե բնակչության մեծամասնության մոտ մեդիաարտադրանք սպառելու հնարավորություն ունեցող գաջեթներ են առկա (հեռախոսներ), և դրանց ֆունկցիոնալ հնարավորությունների մեջ կա նաև մեդիաարտադրանք ստեղծելու հնարավորությունը։

Ինչպիսի՞ն է ԵՊՀ-ում ուսանողական կյանքը:

 

ԵՊՀ-ում ուսանողական կյանքը լեցուն է, մեր համալսարանում ուսանողական խորհուրդները, կազմավորումները շատ ակտիվ են և ամենագլխավորն ու ոգևորողը այստեղ այն է, որ դրանց ակտիվ գործունեության ծավալման համար ուսանողները, իսկապես, ջանք չեն խնայում, սիրում են իրենց աշխատանքը․ կողքից հաճելի են տպավորությունները։ Ասում եմ կողքից, քանզի մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ չեմ հասցրել մասնակիցը լինել դրանց, բայց այս տարի ավելի ակտիվ կլինեմ։

Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք ապագա համալսարանականներին:

Համալսարան գալ նպատակի հետևից, պատրաստ լինել  վերափոխված կյանքի նոր խաղի կանոնները արագ ընդունելուն։

 

Օլյա Շահինյան 

 

 

 

 

 

 

 

 

7026