ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ 2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը Հայաստանը կմասնակցի ժամանակակից արվեստի հեղինակավոր հարթակ հանդիսացող Վենետիկի 59-րդ միջազգային բիենալեին, որն այս տարի կազմակերպվում է «Երազների կաթը» (The Milk of Dreams) խորագրի ներքո:

 

Վերջինը հղում է Լեոնորա Քարինգթոնի նույնանուն գրքին, որում սյուրռեալիստ արվեստագետը, ըստ բիենալեի համադրող Չեչիլ Ալեմանիի, նկարագրում է «կախարդական աշխարհ, որտեղ կյանքը երևակայության տարբեր շերտերի ներքո մշտապես նոր պատկերավորուﬓեր է ստանում, և որտեղ յուրաքանչյուրը կարող է փոխվել, կերպարանափոխվել` դառնալով այլ մարդ կամ առարկա»:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը Վենետիկի բիենալե ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով ապրիլի 21-ին մեկնել են Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ):

 

2022 թվականին Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանը կներկայանա հայ-լիտվացի արվեստագետ և կոմպոզիտոր Անդրիուս Հարությունյանի «Ղարիբ» նախագծով, որը հաղթող էր ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2021 թ. կազմակերպված մրցույթի արդյունքում:

 

Ցուցահանդեսը ներկայացնում է Անդրիուս Հարությունյանի նոր ստեղծագործությունների և ինստալացիաների շարք, որի հիմնական տարրերն են ձայնը և երաժշտությունը:

 

Նախագիծն աղերսվում է հունահայ ﬕստիկ, կոմպոզիտոր Գ. Ի. Գյուրջիևի գաղափարաբանությանը, ում ﬕասին լինելու մտորուﬓերը, հնագույն գիտելիքների վրա հիﬓված երաժշտական համակարգերի ստեղծման տեսությունը, հիպնոտիկ երաժշտությունը, ինչպես աքսորի, այնպես էլ գոյաբանության փիլիսոփայությունն առանցքային են դարձել նախագծի համար:

 

Բիենալեի հրավերին համահունչ՝ «Ղարիբ» նախագիծը հետագծում է երևակայական մի ճամփորդություն՝ ուսումնասիրելով Մերձավոր Արևելքի երկրներում համընդհանուր տարածում ստացած մշակութային մի շերտ՝ բացահայտելով վերջինիս արդիականության լայն և խոր զարգացումները՝ որպես տարբեր աշխարհագրական տարածությունների, մշակույթների և պատմությունների համընդհանուր գաղափար: Որպես Արևելքին բնորոշ պատմագրական և հայեցակարգային հասկացություն` «Ղարիբը» սահմանում է պատկանելության և օտարացման համաժամանակյա լինելության մի եղանակ, որը դուրս է Արևմուտքի պատկերակարգերից և ընկալվում է որպես ժամանակի, տարածության ռիթմի և ներդաշնակի ընկալումներին տարահունչ:

 

2022 թ. Վենետիկի բիենալեի հայաստանյան տաղավարի հանձնակատարն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, նախագծի համադրողներն են Անի Դավիդյանը և Ելենա Սորոկինան: Նախագծի շրջանակում նախատեսվում է «Ղարիբ» գրքի, ինչպես նաև նույնանուն գրքույկի հրատարակում: Հայկական տաղավարի պաշտոնական բացումը կկայանա 2022 թ. ապրիլի 21-ին:

 

Վենետիկի 59-րդ միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցությունը կարևորագույն իրադարձություն է ժամանակակից արվեստի հեղինակավոր հարթակում նոր երկխոսությունների զարգացման, ինչպես նաև ոլորտում համագործակցության սերտացման, նոր կապերի և պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ:

 

Հայաստանը տարիներ շարունակ մասնակցում է երկու տարին մեկ անգամ տեղի ունեցող Վենետիկի բիենալեին։ 2019 թ. Հայաստանի ազգային տաղավարը ներկայացրել է համադրող Սուսաննա Գյուլամիրյանը՝ «Հեղափոխության Սենսորիում» նախագծով: 2017 թ. Հայաստանի ազգային տաղավարը ներկայացրել են Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլան, իսկ 2015 թ. «Armenity/Հայություն» խորագրով Հայաստանի տաղավարն արժանացել է բիենալեի առաջին` «Ոսկե առյուծ» մրցանակին: 

410