
Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը երկրի ներքին գործն է։ Նման հայտարարությամբ իր ճեպազրույցում հանդես է եկել ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ նշելով, որ Ռուսաստանին հետաքրքրում է իր դաշնակից Հայաստանի կայուն, անվտանգ զարգացումը։
Անդրադառնալով ՀՀ-ում տեղի ունեցող ցույցերի կապին հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ՝ նա շեշտել է, որ Մոսկվայում կարծում են, որ խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների նկատմամբ ընդդիմության վերաբերմունքի, այլ հայկական ղեկավարության այս կամ այն հայտարարությունների ընկալման մասին է: «Այս կապակցությամբ կցանկանայի եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրել, որ մենք մշտապես հավատարիմ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման ակտիվ աջակցությանը, առաջին հերթին, եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացման եւ Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղ համաձայնագրի կնքման միջոցով»,- ընդգծել է Զայցեւը: