
Հայաստանի բասկետբոլի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած «Sada Cup» միջազգային մրցաշարում։ Հայաստանի հավաքականը, Ռեքս Կալամյանի գլխավորությամբ, վերջին խաղում մրցել է Սիրիայի թիմի հետ և պարտվել է երկու միավորի տարբերությամբ՝ 57-59։
Հայաստան-Սիրիա հանդիպմանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ինչպես նաև Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Նորա Արիզյանը, որի խորհրդանշական նետումով էլ խաղը մեկնարկել է։
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Ալբերտ Թադևոսյանը՝ վաստակելով 19 միավոր: Նա նաև 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղում 94։59 հաշվով հաղթել էր «Թիմ ԱՄՆ»-ին, իսկ երկրորդ խաղում 77։73 հաշվով առավելության էր հասել Իրանի նկատմամբ:
Մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճել է Իրանի թիմը:
SADA CUP մրցաշարին մասնակցել է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն:
Հիշեցնենք, որ Ռեքս Կալամյանի գլխավորությամբ՝ Հայաստանի հավաքականը կմասնակցի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: