Դիլիջանի քաղաքային զբոսայգում տրվեց Ռոքի՝ համասեզոնային  ժայռամագլցման ​​համալիրի և ընտանեկան սրճարանի կառուցման մեկնարկը: Ծրագիրն իրականացվում է Դիլիջանի զարգացման հիմնադրամի և ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ:

Համալիրի շենքում լինելու է երկու հիմնական տարածք: Այստեղ կգործի ընտանեկան սրճարան և կտեղակայվի մագլցման պատ, որոնցից հնարավոր կլինի օգտվել տարվա ցանկացած եղանակի։

Մարզահամալիրի արհեստական ​​ռելիեֆը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի և տարբեր մարզական պատրաստվածութուն ունեցող այցելուների համար։ Անվտանգության բոլոր կանոնները ապահովելու նպատակով մարզումների ընթացքը վերահսկվելու է հատուկ վերապատրաստում անցած մասնագետների  կողմից։ Բացի այդ, մարզահրապարակը համալրվելու է ֆիթնեսի, յոգայի և այլ մարզաձևերի համար անհրաժեշտ մարզասարքերով։

Ռոքի Համասեզոնային ժայռամագլցման համալիր և ընտանեկան սրճարան նախագիծը կոչված է դառնալու ընտանեկան և ժամանցի նոր կենտրոն Դիլիջան համայնքի հյուրերի և բնակիչների համար, ինչպես նաև խթանելու սպորտով զբաղվելու և առողջ ապրելակերպ վարելու մշակույթը վաղ տարիքից: Միևնույն ժամանակ, համալիրը խթան կհանդիսանա Դիլիջանի տնտեսական և ենթակառուցվածքի զարգացման համար։ Քաղաքում կբացվեն նոր աշխատատեղեր, իսկ համալիրը կդառնա զբոսաշրջության գրավչության նոր կենտրոն՝ դրականորեն անդրադառնալով տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի վրա։ Համալիրի տարածքը կծառայի նաև որպես համայնքի համախմբման վայր՝ հարմարավետ միջավայրում համատեղ քննարկումներ և նախաձեռնություններ իրականացնելու համար։

Համալիրի շենքը և տեռասը գտնվելու են VereV պարանայգու մոտակայքում։ Նախագիծը մշակվել է «Proforma Studiօ» ճարտարապետական ​​բյուրոյի կողմից՝ շենքերի էներգաարդյունավետության ժամանակակից չափանիշներին համապատասխան:

Շինարարական գործընթացում օգտագործվում են CLT (Cross Laminated Timber) բազմաշերտ փայտե պանելների տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս իրականացնել բոլոր շինարարական աշխատանքներն ու շինկառույցների շահագործումը առանց շրջակա միջավայրը վնասելու:  

ԵՄ-ն` բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից։ Ծրագիրը «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության մի մասն է: 

539