Այս մասին այսօր Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում  փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Առաջարկվում է  Հայաստան ներկրվող ցեմենտի համար ներկայումս կիրառվող 14 հազար դրամ տուրքը նվազեցնել  և սահմանել 9 հազար դրամ, իսկ ցեմենտի հումքի կլինկերի համար երկու հազար դրամ տուրքը ընդհանրապես հանել»,- հայտնեց նա:

Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ դեռ 2019 թվականին ցեմենտի շուկայում լուրջ խնդիր ունեցանք, քանի որ իրանական էժան ցեմենտը մեծ թափով մտնել էր հայկական շուկա, և տեղական արտադրողները չդիմանալով մրցակցությանը՝ հայտնվել էին սնանկացման վտանգի առաջ: «Այն ժամանակ որոշում կայացվեց կիրառել տուրք, որպեսզի տեղական արտադրողները ավելի պաշտպանված լինեն, տուրքի չափը՝ 14 հազար դրամ: Այսինքն՝ մենք 14 հազար դրամով արհեստականորեն թանկացրեցինք Հայաստան ներկրվող ցեմենտի գինը, որպեսզի տեղական արտադրողները կարողանան դիմանալ մրցակցությանը»,- ասաց նա:

Պատգամավորն ասաց, որ դեռ այն ժամանակ նշվել է, որ տեղական արտադրողները չպետք է դա ընդունեն որպես հավերժ նվեր և քայլեր ձեռնարկեն իրենց արտադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ: «Հայկակայն շուկայում նախ ցեմենտի արտադրության ծավալները շեշտակի աճեցին, այս տարվա 7 ամիսներին արտադրվել  է ավելի քան 520 հազար տոննա, դա ավելին է սրանից 5-6 տարի առաջ տարեկան արտադրությունից»,- ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ այսօր ունենք մի իրավիճակ, երբ ելակետային պայմանները փոխվել են: «Իրանական ցեմենտի գինը սահմանի վրա էապես թանկացել է, տրանսպորտային ծախսերը թանկացել են, և եթե սրա վրա թողնում ենք 14 հազար դրամ տուրքը, տեղի է ունենալու այն, ինչ հիմա տեղի է ունենում: Այսինքն՝ ներմուծումը արհեստականորեն արգելափակվում է, շուկայում տեղի է ունենում գերկենտրոնացում, ցեմենտի դեֆիցիտ, գների աճ և վերջին շրջանում կառուցապատողները շատ են իրենց դժգոհություններն արտահայտում: Հաշվի առնելով, որ կառավարությունը նախատեսում է  կապիտալ շինարարության ծավալների էական աճ, որ Հայաստանում ներկայումս նկատվում է շինարարության կտրուկ աճ, այս պայմաններում, եթե որևէ քայլ չենք ձեռնարկում, նշանակում է՝  արհեստականորեն թանկացնում ենք շինարարությունը, և բնակարան ունենալու խնդիրը մարդկանց համար որոշ չափով ավելի է դժվարանում»,- ասաց նա և նշեց, որ խնդիր ունեն շուկայում վերականգնելու մրցակցային վիճակը:

Բաբկեն Թունյանը հայտնեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում ցեմենտի գործարանային գնի 25 տոկոս թանկացում ունենք, իսկ 2020 թվականի համեմատ՝ 43 տոկոսով է թանկացել, այսօր գործարանից կառուցապատողներին վաճառվում է  50 դրամով՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

951