Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա, կազմակերպությունը հույս ունի, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կլուծվի։ Այս մասին ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։
«Եկեք առաջ չընկնենք, միայն ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որն այսօր առկա է Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով»,- ասել է Սիդորովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք պլաններ կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահ զորակազմ ուղարկելու։
«Ռազմական ուժի կիրառումը, այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր, և, կարծում եմ, մոտ ապագայում բացառված է»,- ընդգծել է նա։
Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի շուրջ։ «Մենք հուսով ենք, որ գործընթացները կշարունակվեն կարգավորվել խաղաղ ճանապարհով, առանց զենքի և ուժի կիրառման»,- հավելել է նա։

1246