ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։

Ողջունելով դեսպանին՝ Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքներին ու նախանշված ծրագրերին, ներկայացրել հիմնական ռազմավարական ուղղությունները: Նախարարը նաև ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է, խոսել է տնտեսությունը բարձր տեխնոլոգիական հիմքերի վրա դնելուն միտված ՀՀ Կառավարության ջանքերի, տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ունեցած նվաճումների և առկա մարտահրավերների մասին:

Դեսպան Նիկոլաս Սխերմերսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել նպաստելու համագործակցության զարգացմանը:

Անդրադառնալով բարձր տեխնոլոգիական ոլորտի կարևորությանը՝ դեսպանը նշել է, որ տարածաշրջանում Հայաստանը բացառիկ է տեխնոլոգիաների հանդեպ ցուցաբերած հետաքրքրվածությամբ, ինչը կարող է խթան հանդիսանալ համատեղ մի շարք ծրագրերի իրականացման համար:

Ռոբերտ Խաչատրյանը Նիկոլաս Սխերմերսին ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը, ընդգծել, որ բացի ռեզիդենտ հանդիսացող ընկերություններից, այնտեղ կարող են ներգրավվել նաև այլ երկրների կազմակերպություններ:

Նախարարը նշել է, որ նիդերլանդական ընկերություններին ևս կարող է հետաքրքրել այս հնարավորությունը՝ ընդգծելով, որ «Ինժեներական քաղաքն» ու ընդհանրապես Հայաստանը հիանալի վայր կարող են դառնալ այս ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու և ներդրումներ կատարելու առումով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հեռահաղորդակցության, թվայնացման, նորարարության, ՏՀՏ, ստարտափ էկոհամակարգի և միկրոէլեկտրոնիկայի ոլորտի զարգացմանը, գիտակրթական ծրագրերի իրականացմանը միտված ծրագրերը, փոխգործակցության հնարավորությունները։

Հանդիպման ավարտին երկկողմ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ ջանքերը շարունակելու համար կողմերն առաջարկել են գործողությունների ծրագիր մշակել և ձեռնամուխ լինել դրանց իրականացմանը:

873