ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։ Միաժամանակ այն, որպես անհետաձգելի, կներկայացվի ԱԺ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ արտադպրոցական ոլորտում էական փոփոխությունների և մասնագիտական զարգացման ու վարձատրության բարձրացման փոխկապակցված մեխանիզմ ներդնելու կարիք կա. «Ոլորտում կարիք ունենք օրենսդրական զգալի փոփոխությունների, որոնք կկարգավորեն մասնագիտական զարգացման ծրագրերի, ֆինանսավորման քաղաքականությունը։ Բայց այս փուլում հարմար ենք գտել անդրադառնալ մի քանի հրատապ հարցերի, մասնավորապես, «Կրթության մասին» օրենքի առաջարկվող փոփոխություններով նախատեսում ենք, որ մանկավարժներն ու մարզիչները կարողանան անցնել կամավոր ատեստավորում և, հաջող արդյունք ցուցաբերելու դեպքում, ստանալ հավելավճար»։

Նախարարը նաև նշեց, որ նախատեսվել է սահմանել ֆինանսավորման չափի բովանդակային չափորոշիչները, քանի որ համայնքային ենթակայության արտադպրոցական կազմակերպություններում վարձատրությունը տարբերվում է՝ ըստ համայնքների. «Նախատեսում ենք պետական քաղաքականության միջոցով տանել ավելի համահարթ մոտեցման։ Պլանավորում ենք, որ հավելավճարները լինեն ֆիքսված գումարներով»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե մարտահրավերներին արձագանքը պետք է լինի ասիմետրիկ. «Սրվող մարտահրավերների ֆոնին մենք առավել մեծ ուշադրություն պետք է դարձնենք կրթության, գիտության և մշակույթի ոլորտներին»։ Ըստ նրա՝ բոլոր հետազոտությունները բերում են նրան, որ այս ոլորտում ռազմավարական ներդրումներն ինչ-որ կետի բերելու են գլոբալ խնդիրների լուծման։  

 

580