Աշխատանքային այցով շաբաթ օրը Շիրակի մարզում է եղել առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։ Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանի հետ նախարարի տեղակալը հանդիպել է մարզի առաջնային օղակի պատասխանատուներին։

Տնօրենների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են առաջնային օղակի աշխատանքներում նախատեսվող նոր իրականացվող ծրագրերն ու փոփոխությունները։ Անդրադարձ է կատարվել առաջիկայում իրականացվող նորարարությունների կարևորությանը։

Արտակ Ջումայանի գնահատմամբ իրականացվող փոխոխությունները նպատակ ունեն բարձրացնել քաղաքացիների առողջապահական ծառայությունների մատչելիությունը, քանզի պոլիկլինիկաներում նախատեսվող բարեփոխումների արդյունքում մատուցվող առողջապահական ծառայությունների ծավալը կմեծանա։

Ներկայացվել է առաջնային օղակի բուժաշխատողների վարձատրության նոր` բոնուսային համակարգ ներդնելու, առաջնային օղակում աշխատաժամանակը փոփոխելու, հերթապահություններ սահմանելու, ինչպես նաև հիվանդների հերթագրումը «ԱրՄեդ» համակարգում կատարելու, պացիենտի ամբուլատոր քարտի էլեկտրոնային դառնալու մոտեցումները։

Քննարկումից հետո նախարարի տեղակալը մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանի, մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այցելել է մի շարք բուժհաստատություններ, մասնավորապես եղել Ախուրյանի մոր և մանկան առողջության և Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում։

Շրջայցերի ընթացում անդրադարձ է կատարվել մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կենտրոններում առկա անելիքներին։

896