Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 16-ին տեղի ունեցավ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ մամուլի ասուլիս, որին ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը և ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։

ՀՀ աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհավորեց առաջնության մեկնարկի առիթով և ներկայացրեց կատարվելիք աշխատանքներն ու միջոցառման անցկացման բարեփոխումները Հայաստանում․ «Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր մարզական միջոցառման մեկնարկի առիթով։ 2023 թվականին այն մեր հանրային կյանքում լինելու է ամենակարևոր իրադարձություններից մեկը, և ըստ էության, մենք այսօրվանից մեկնարկ ենք տալիս դրա պաշտոնական բացման մասին։ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է, ինչն էլ ավելի է մեծացնում հետաքրքրությունը այդ մրցումների նկատմամբ»։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պարզաբանեց, թե ինչու են Հայաստանում անցկացնում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. «Առաջին հերթին այն ունի մարզական հետաքրքրություն, երկրորդ՝  ոչ պակաս խնդիրներ ենք լուծում,  մեր պետության՝ որպես մարզական կենտրոնի դերն ենք բարձրացնում։ Ինչը նաև խթանում է Հայաստանում ոլորտի և ֆիզկուլտուրայի զարգացումը, առողջ ապրելակերպը։ Յուրաքանչյուր նման մրցման հայտ ներկայացնելիս մենք և կազմակերպիչներին, և ֆեդերացիաներին ասելու ենք, որ անելու ենք առավելագույնը և նոր նշաձողեր ենք ոլորտի համար սահմանելու։ Դա մենք արել ենք 2022 թվականին բռնցքամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ»։  

Ըստ նախնական տվյալների՝ Հայաստան են ժամանելու ավելի քան 40 երկրի 514 մարզիկներ, իսկ ընդհանուր առմամբ պատվիրակություններով, մարզիչներով և այլ ֆունկցիոներների մասնակցությամբ՝ ավելի քան 1000 մասնակից։ 

Հարությունյանը նշեց, որ հնարավոր է նաև Հայաստանում անցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը մոտակա տարիներին։

 

1178