
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 16-ին տեղի ունեցավ ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ մամուլի ասուլիս, որին ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը և ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի ներկայացուցիչ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը։
«Այսօր պատմական իրադարձություն է տեղի ունենում Հայաստանում։ Ուղիղ 40 տարի առաջ մարզահամերգային համալիրը պիտի բացվեր ու անցկացվեին ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունները, և 40 տարի հետո մենք մարզահամերգային համալիրին վերադարձնում ենք իր պատմական առաքելությունը, այն ինչի համար կառուցվում էր, անցկացվելու է։ Հայաստանը պետք է ընդունի ծանրամարտի Եվրոպայի, հետո աշխարհի առաջնությունները։ Որովհետև մեր հավաքականը աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկն է»,- ասուլիսին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Նա ընդգծեց. «Տա Աստված, որ Հայաստանի ծանրորդներն էլ բարձր պահեն մեր երկրի պատիվը և ի պատիվ նրանց վեր խոյանա մեր Եռագույնը հայոց օրհներգի հնչունների ներքո»։
Գիլոյանը նշեց, որ տղամարդկանց և կանանց պայքարում առնվազն 3 չեմպիոն պետք է ունենանք, իսկ թիմային հաշվարկով էլ պիտի հավակնենք մրցանակային տեղի։
Երկու հավաքականն էլ ամբողջական թիմով է մասնակցելու։ Յուրաքանչյուր հավաքականից 12 մարզիկ, որից երկուսը լինելու են պահեստայինում։