Ի տարբերություն Արևմուտքի՝ Մոսկվայի պարագայում ունենք միջնորդ, որը ստանձնել է որոշակի պարտականություններ, և հետևաբար իմ սպասելիքները միջնորդից շատ ավելին են: Այս մասին  այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Մոսկվայում այսօր Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների կայանալիք հանդիպմանը:

«Արևմուտքը պարտավորություններ չի ստանձնել։ Արևմուտքը հարթակ է տրամադրում, ասում է՝ բանակցեք։  Ռուսաստանի այս պահվածքը մի քիչ զարմանալի է, քանի որ պարզ չէ՝  չե՞ն կարողանում, չե՞ն ցանկանում: Հիմա Մոսկվայի հանդիպմանը կերևա՝ վճռականություն կդրսևորի՞ Ռուսաստանը, թե ոչ, այդ առումով իմ ակնկալիքները շատ չեն»,- ասաց նա:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը քաղաքական գնահատական է պահանջել  ՌԴ-ից և  ՀՀ իշխանությունները շատ հստակ ասել են, որ մինչ օգնության ու համագործակցության մասին խոսելը Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր, պարտավոր է հայտարարել, որ Ադրբեջանն ագրեսիա է դրսևորել և պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից։

«Երբ այս մասով Ռուսաստանը լռում է, ինձ մոտ, օրինակ, անհանգստություն է առաջանում, որ նրանց ներկայությունը նոր սադրանքների առիթ կարող է տալ։  Սա որոշակի մտահոգության առիթ է հանդիսանում»,- ասաց նա և նշեց, դա կասկած է հարուցում:

«Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ հակասություններ ունի, մենք չենք ուզում այդ հակասությունները մեր հաշվին զարգանան»,- ասաց նա:

465