Ադրբեջանական կողմը երեկ կեսօրին լրիվությամբ անջատել է նաոխորդ օրը վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերությունը ներքին ցանցում կուտակված գազը մատակարարել է միայն ավտոգազալցակայաններին:

Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Վերջին ժամերի ընթացքում կուտակված գազը գրեթե սպառվել է, և առաջիկա ժամերին կդադարեն գործել նաև ավտոգազալցակայանները: Այնուամենայնիվ, բոլոր բաժանորդներին հորդորում ենք առաջիկա օրերին ցուցաբերել լրացուցիչ զգոնություն, քանի որ տեղ-տեղ կարող է ներքին ցանցի տարբեր հատվածներում մնացած գազն աստիճանաբար դուրս գալ՝ կախված ջերմաստիճանի տատանումներից:

Միաժամանակ «Արցախէներգո» ընկերությունը տեղեկացնում է, որ նախօրոք հայտարարված հուլիսի 11-ի փոխարեն հուլիսի 10-ից է գործելու երեկ չեղարկված վեցժամյա հովհարային անջատումների ժամանակացույցը՝ հաշվի առնելով գազամատակարարման ընդհատումը:

Հիշեցնենք՝ Արցախի շրջափակման 210 օրվա ընթացքում արդեն 181 օր շարունակ խափանված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, իսկ գազամատակարարումը՝ հանրագումարային 143 օր շարունակ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արցախգազ» ՓԲԸ-ն երեկ առավոտյան հայտարարել էր այն մասին, որ սկսել է աստիճանաբար վերականգնել ԼՂ-ի բոլոր բաժանորդների գազամատակարարումը:

Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Հայաստան-ԼՂ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում էր, որ ադրբեջանական կողմը փակել էր խողովակի վրա եղած փականը:

629