
Անհրաժեշտություն է առաջացել վերանայել և թարմացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը՝ մինչև 2040 թվականը և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը՝ հաշվի առնելով էներգետիկայի բնագավառի ռազմավարությամբ նախանշված միջոցառումների իրականացման ընթացքը և 2022 թվականի դեկտեմբերին մշակված Հայաստանի էներգահամակարգի 2024-2050 թվականների նվազագույն ծախսերով զարգացման պլանի համապատասխանեցնելով այն ներկա իրավիճակին և զարգացման հեռանկարներին: Այսօր այս մասին Գործադիրը որոշման նախագիծ ընդունեց:
Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն՝ էներգետիկայի բնագավառում նախանշվող թիրախները համապատասխանեցնել արդի զարգացումներին և ստեղծել իրավական հիմքեր տվյալահեն որոշումներ կայացնելու համար, սահմանել ծրագիր-ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրատեսական ժամկետներ։
Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը արձանագրեց, որ վերականգնող էներգետիկայի տեսակարար կշիռը սպառման կազմում 2040 թվականին կհասնի 60 տոկոսի և սա կախված է տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումից որոնք վերաբերում է արևակայանների, արևային էներգետիկայի զարգացմանը: