
Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների ժամանակ տուժել է ինը ոստիկան, որոնցից երկուսը հիվանդանոցում են, հայտնել են Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի ներքին գործերի նախարարության գլխավոր գրասենյակից։
«Ապօրինի գործողությունների հետևանքով ինը ոստիկան ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, նրանցից երկուսը գտնվում են հիվանդանոցում»,- ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչությունում ընդգծել են, որ Դաղստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները, այլ իրավապահ մարմինների հետ միասին, դադարեցրել են անկարգությունները, և այժմ օդանավակայանն ամբողջությամբ գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության տակ։
Շտաբից հավելում են, որ հնարավոր է եղել բացահայտել անկարգությունների ավելի քան 150 ակտիվ մասնակցի, նրանցից 60-ը բերման են ենթարկվել և տարվել ոստիկանության տարածքային բաժիններ։ Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ որոնողական աշխատանքներ՝ դեպքի բոլոր մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախորդ գիշեր Թել Ավիվից Red Wings ինքնաթիռի ժամանումից հետո մարդկանց ամբոխը հարձակվել է Մախաչկալայի օդանավակայանի թռիչքուղու վրա: Հաղորդվել է, որ նրանք ենթադրաբար փնտրում էին ժամանող Իսրայելի քաղաքացիներին, և անկարգություններ են սկսվել։
Ինքնաթիռները, որոնք պետք է վայրէջք կատարեին Դաղստանի մայրաքաղաքում, ուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ։ Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները։ Դաղստանի մուֆթի Ախմադ Աբդուլաևը հանդես է եկել տեսաուղերձով, որում հրեաների դեմ խոսելը սխալ է անվանել և հավատակիցներին հանգստություն պահպանելու կոչ է արել։
Շուտով շրջանային իշխանությունները հայտարարել են․ որ վերահսկողության տակ են վերցրել իրավիճակը, իսկ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, որ օդանավակայանը մաքրվել է չարտոնված մարդկանցից։ Օդանավակայանում ահազանգ է հնչել, որից հետո մարդիկ սկսել են ցրվել, իսկ օդանավակայանը փակվել է։