Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել թվային վարորդական վկայական ունենալու և թվային հաշվառման վկայագիր ունենալու կարգավորումները, այսինքն՝ սեպտեմբերի 1-ից սկսած՝ այն քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, այլևս որևէ պարտավորություն չունեն պլաստիկ վարորդական վկայականն իրենց մոտ պահելու: Իսկ մինչ այդ կար պատասխանատվության սկզբունքը, այսինքն՝ երբ չկար պլաստիկը, ենթարկվում էին վարչական պատասխանատվության: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 4-ի նիստին ասաց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:

«Այս պահի դրությամբ արդեն իսկ համակարգում բոլոր վարորդների թվային վարորդական վկայականները գեներացված են, և նույնականացման համակարգի միջոցով մեր քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայական, կարող են տեսնել համապատասխան հարթակում»,- ասաց նախարարը:

Արփինե Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ հաշվառման վկայագիրը՝ քաղաքացիներին հայտնի «տեխանձնագիրը» ևս, սեպտեմբերի 1-ից հասանելի կլինի թվային միջավայրում:

«Եթե քաղաքացին առաջին անգամ է ձեռք բերում այս երկու փաստաթղթղերը, ապա կարող է ընտրել պլաստիկ տարբերակով ստացումը և թվային տարբերակով ստացումը: Թվային տարբերակով ստանալու դեպքում կիսով չափ պակաս տուրք է վճարում անձը, իսկ եթե նախընտրում է պլաստիկ վարորդական վկայականը կամ պլաստիկ տեխանձնագրի տարբերակը, ապա այս դեպքում վճարում է մեկ անգամ մեկ գումարի չափով, իսկ հետագայում կարողանում է օգտվել թվային ծառայությունների տարբերակից ևս»,- պարզաբանեց նախարարը:

146