Քաղաքագետ Արեգ Քոչինյանը չի կարծում, թե Հայաստանն այս պահին գնում է դեպի ՆԱՏՕ: Դրա համար, ըստ նրա, հարկավոր է փաստաթղթավորում:

«Ես չեմ տեսնում որևէ պայմանագիր, որևէ փաստաթուղթ, ավելին՝ չեմ տեսնում որևէ պայմանագիր, որը խզված է ՌԴ-ի հետ: Առավելագույնը, ինչ մենք մինչ այս պահը տեսել ենք, քաղաքական իմաստով Հայաստանի անդամակցության սառեցումն է ՀԱՊԿ-ին, սակայն առանց որևէ բան ստորագրելու, կարճ ասած՝ առանց որևէ որոշում կայացնելու: Սա գիտեք՝ ինչի է նման՝ «առանց թռչելու հոպ մի ասա»: Խոսակցությունները շրջադարձի մասին վաղաժամ են, դրա համար պետք են կոնկրետ քաղաքական որոշումներ և այդ քաղաքական որոշումների սպասարկումներ»,- ասում է նա:

Քոչինյանը նկատում է, որ թեպետ չկա փաստաթղթավորում, սակայն երկկողմանի կա որոշակի պատրաստակամություն հարաբերությունների ամրապնդման և մակարդակների բարձրացման: Թե որքանո՞վ դրանք կիրագործվեն և կսպասարկվեն, նրա խոսքով, ցույց կտա ժամանակը:

Նա միաժամանակ տեսակետ է հայտնում, որ Հայաստանի համար այս բարդագույն քաղաքական իրավիճակից դուրս գալու ճանապարհը ոչ թե դեպի Արևմուտք ինտեգրացիան է, այլ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը:

«Արևմուտքը այստեղ կարող է ունենալ որոշակի դրական ազդեցություն, մեղմել այն տարաձայնությունները, որ կան Հայաստանի և Ադրբեջանի, ՀՀ-ի և Թուրքիայի միջև, դիցուք՝ նպաստելով Հայաստանում կայունության և ինքնապաշտպանական արարողությունների ամրապնդմանը, բայց սխալ կլինի մտածել, որ ՀՀ-ի՝ Արևմուտք ինտեգրացիան կարող է լուծել մեր խնդիրները մեր հարևանների հետ: Դա կարող է օգնել, սատարող գործիք լինել, բայց մեր խնդիրը չի լուծելու: Մենք ունենք խնդիր մեր արևելյան և արևմտյան հարևան պետությունների հետ, մեզ դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, բայց մեր սահմանի բացարձակ մեծամասնությունը Ադրբեջանն է և Թուրքիան, ու այս պետությունների հետ մենք պետք է կարողանանք որոշակի համակեցության միջավայր ձևավորել»,- ասում է նա:

Զրուցակցի դիտարկմամբ՝ այդ միջավայրի կարևոր քայլը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրում է, դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը: Վերջինիս կարծիքով՝ եթե Հայաստանը կարողանա հասնել այնպիսի իրավիճակի, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն, ապա ՀՀ-ի եվրոպական ապագան ոչ թե կդառնա մշուշոտ երազ, այլ հստակ նպատակ, որը կլինի սպասարկելի:

Հարցադրմանը՝ այսինքն՝ այդ հարաբերությունների կարգավորման բանալին տարածաշրջանո՞ւմ է, ոչ թե դրանից դուրս, Քոչինյանը արձագանքում է. «Կարծում եմ, որ այդ հարաբերությունների կարգավորման բանալին մի դեպքում Երևանում ու Բաքվում է, մյուս դեպքում՝ Երևանում և Անկարայում: Այսինքն՝ փորձել ուրիշ երկրների միջոցով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել, սխալ մտայնություն է: Սակայն սա չի նշանակում, որ այլ երկրերը չեն կարող որոշակի մեղմացուցիչ դեր կատարել: Մեզ ձեռնտու կլիներ, եթե այդ բանակցությունները հնարավոր լիներ տեղափոխել որևէ եվրոպական հարթակ կամ վաշինգտոնյան: Սակայն վերջին առնվազն մեկ տարվա իրավիճակի զարգացումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Թուրքիան չեն գնում նման հարթակներով կարգավորման ճանապարհով և ունեն բավականաչափ ռեսուրսներ չգնալու համար: Եթե չի ստացվում եվրոպական կամ ամերիկյան հարթակով բանակցությունները, պետք է գնալ և երկկողմ բանակցել, իսկ ամենավատ տարբերակը Մոսկվայում բանակցելն է»:

Ըստ Քոչինյանի՝ այսօրվա դրությամբ խաղաղության պայմանագրի շուրջ տարաձայնությունները աննախադեպ քիչ են և մոտ է դրա ստորագրման ժամանակը:

«Մնացել է, ըստ էության, երկու հարց, որոնց շուրջ համաձայնության հնարավոր չի եղել գալ, դրանցից մեկը դելիմիտացիայի և դեմարկացիայի իրավական հիմքերի շուրջ համաձայնության գալն է և դրանք արտացոլելը խաղաղության պայմանագրում, երկրորդը՝ կոմունիկացիաների աշխատանքային մեխանիզմերի շուրջ հարցը: Ըստ էության՝ այս երկու հարցն է մնացել չհամաձայնեցված խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Սակայն պետք է նշել, որ խաղաղության պայմանագիր դեռևս չի նշանակում համապարփակ խաղաղություն, դա, ըստ էության, առաջին ու ամենակարևոր քայլն է, դրանից հետո պետք է շատ լուրջ աշխատանք տանել այդ պայմանագիրը սպասարկելու ուղղությամբ: Իմ կարծիքով՝ նպատակահարմար կլինի այս փուլում կենտրոնանալ դելիմիտացիայի և դեմարկացիայի իրավական հիմքի վրա և այդտեղ փորձել հասնել որոշակի կոմպրոմիսային լուծման ու ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասում է նա:

Աղբյուր՝ www.armtimes.com

708