Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում քննարկել են երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները:

 

Վրաստանի հետ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը ռազմավարական կարևորություն ունի ոչ միայն մեր երկրների երկկողմ հարաբերությունների համար, այլև փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի հետ հայտարարությունների ժամանակ:

 

«Նախորդ տարեվերջին Վրաստանը ձեռք բերեց Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել այդ լուրին՝ տեղի ունեցածը համարելով կարևոր իրադարձություն, որն անմիջական ադեցություն է ունենալու ոչ միայն մեր տարածաշրջանի, այլև Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների վրա:  ՀՀ-ն սատարել և սատարում է ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի ձգտումները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը նշեց, որ այսօր Վրաստանի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ ընկալումներն ու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումներն ու ընթացքը:

 

«Վերահաստատել եմ, որ Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու գործի իր բաժին պատասխանատվությունը, ակնկալում ենք, որ նույնպիսի մոտեցում կցուցաբերեն նաև մյուս դերակատարները»,-ասաց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջ շարժվել բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման, Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացման՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և երկրների ինքնիշխանության ու իրավազորության հարգման սկզբունքների շրջանակներում տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում, ապահովելով հավասարություն և փոխադարձություն:

281