Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լռությունը ինձ մղում է հանցագործության: Այս մասին հանրային հեռուստատեսությամ հարցազրույցի ճամանակ ասել է Սուրբ Հովհանավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը:

Հոգևորականը հիշեցրեց Ավետարանի խոսքը, ըստ որի «կա ապրելու ժամանակ և կա մեռնելու ժամանակ»՝ շեշտելով, որ եկեղեցու ներսում առկա խնդիրների մասին խոսելու իր պահը հասունացել է․

«Մեզ ճեմարանում սովորեցրել են, որ պետք է խոնարհ լինել և վերադասի խոսքի նկատմամբ ունենալ բացարձակ հնազանդություն։ Երկու տարի այդ հնազանդությունն ու խոնարհությունը ցույց տվեցի եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ, բայց հասկացա, որ այլևս պահը հասել է չլռելու, որովհետև լռությունը ինձ մղում է հանցագործության»։

Տեր Արամի խոսքով՝ բազմաթիվ հոգևորականներ տեղյակ են եղել այն խնդիրներին, որոնք խանգարում էին իր ծառայությանը, սակայն նրանք ևս լռել են և «ականատեսը դարձել մարդասպանության».

«Մարդասպանությունը միայն ֆիզիկական ոչնչացումը չէ։ Առաջին ոչնչացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդուն բարոյապես ու հոգեպես ես կործանում»։

Նա համոզված է, որ խաղաղության բացակայությունը առաջին հերթին խլում է հենց հոգևորականի կարողությունը ծառայելու իր համայնքին․

«Այն դեպքերն ու իրադարձությունները, որ եղան այս երկու տարիների ընթացքում, առաջին տուժողը եղավ իմ ժողովուրդը, իմ համայնքը։ Եթե հոգևորականը չունի խաղաղություն, նա չի կարող այն փոխանցել իր ժողովրդին»։

Անդրադառնալով եկեղեցու առաքելությանը՝ Տեր Արամ քահանան ընդգծեց․

«Եկեղեցին, որ հիմնադրել է Հիսուս Քրիստոսը, ներողամտության և հարգանքի եկեղեցի է։ Հիսուսը ասում է՝ սիրեցեք ձեր թշնամիներին, աղոթեք նրանց համար։ Իսկ ես կարծում եմ՝ աստված ունեցող մարդը թշնամի չունի»։

338