Ապրիլի 1-ին ՀՀ Ազգային ժողովում ընդունել եմ ԱՄՆ-ի Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորջիին։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:
«Հանդիպման սկզբում շնորհակալություն հայտնեցի տիկին Ֆոն Յոդեն-Ֆորջիին հրավերն ընդունելու և Ազգային ժողով այցելելու, ինչպես նաև ինստիտուտի և անձամբ իր կողմից կատարված մեծ աշխատանքի համար։
Ներկայացրել եմ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացրած հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը և դրա հետևանքները, «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նպատակներն ու ծրագրերը, կարևորել միջազգային հանրության կողմից հարյուր հազարավոր հայերի իրավունքների պաշտպանությանը սատար կանգնելը, ինչպես նաև շեշտադրել ցեղասպանությունների միջազգային հետաքննման մեխանիզմների գոյության հրամայականը։
Տիկին Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորջինն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի նախաձեռնողական մոտեցումները և ընդգծել խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը ցեղասպանությունների կանխարգելման օրակարգն առաջ տանելու գործում՝ վերահաստատելով ինստիտուտի նվիրվածությունը և պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատելու Հայաստանի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերեցինք Լեմկինի անվան ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտի և «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության միջև համագործակցության վերաբերյալ»,- գրել է Վիլեն Գաբրիելյանը: