ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դատապարտել են ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը Իրանի մայրաքաղաք Թեհրանում, մինչդեռ Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչները Իրանին մեղադրել են տարածաշրջանի ապակայունացման մեջ:
Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ է հրավիրել հուլիսի 31-ին՝ կապված Հանիեի սպանության հետ: Դա եղել է հրատապ նիստ ու կազմակրպվել է Իրանի խնդրանքով, որին աջակցել են Ռուսաստանը, Ալժիրը և Չինաստանը։
Ելույթ ունենալով հանդիպման ժամանակ՝ Չինաստանի դեսպան Ֆու Կոնգն ասել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Հանիեի սպանությունը։
«Մենք աղետի եզրին ենք»,- ասել է ՄԱԿ-ում Ալժիրի բանագնաց Ամար Բենջաման՝ հավելելով, որ Իսրայելի հարձակումը «ահաբեկչական ակտ էր», որը խախտում է միջազգային իրավունքը և Իրանի ինքնիշխանությունը։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին կրկնել է իր երկրի դատապարտումը Հանիեի սպանության կապակցությամբ՝ հավելելով, որ հարձակման հետևանքները «վտանգավոր են» ողջ տարածաշրջանի համար։
Ռուս դեսպանը դժգոհել է, որ «բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների պայմանագրային սպանությունների նողկալի պրակտիկան Մերձավոր Արևելքը բերում է տարածաշրջանային պատերազմի:
Պոլյանսկին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի լիարժեք և համապարփակ կատարման անհրաժեշտության մասին։
Բանաձևը կոչ է անում լիովին դադարեցնել ռազմական գործողությունները Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև, իսրայելական զորքերը դուրս բերել Լիբանանից և զինաթափել զինված խմբավորումներին, այդ թվում՝ «Հըզբոլլահ»-ին։
ՄԱԿ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդն ասել է, որ «Իսրայելը իրավունք ունի պաշտպանվելու «Հըզբոլլահ»-ի հարձակումներից»։
Նա նշել է, որ շարժումն Իրանի աջակցությամբ հարձակումներ է իրականացնում Իսրայելի վրա անցյալ տարվա հոկտեմբերի 8-ից, և հավելել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները չպետք է հանդուրժեն այդ հարձակումները։
Վուդն ընդգծել է, որ Իրանը պետք է կատարի Անվտանգության խորհրդի բանաձևերը, և որ միջազգային մարմինը պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկի Իրանի գործողությունների դեմ, որոնք սպառնում են տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը:
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ը կապ չունի Հանիեի մահվան հետ, իսկ Իրանի վրա ազդեցություն ունեցող խորհրդի անդամներին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Թեհրանի վրա:
Մեծ Բրիտանիայի բանագնաց Բարբարա Վուդվորդը նույնպես ընդգծել է, որ բռնությունների աճը չի բխում ոչ մեկի շահերից։
Նա նշել է, որ Եմենի Իրանի կողմից աջակցվող հութի խմբավորումը շարունակում է իր հարձակումները Իսրայելի վրա և ասել, որ դրան պետք է վերջ տրվի։