Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առաջարկում ենք վերջ դնել կամ կասեցնել այն արատավոր երևույթը, երբ պետությանը պատկանող գույքն անցնող 30 տարիների ընթացքում նվիրաբերվել կամ մասնավորեցվել է տարբեր ՀԿ-ների կողմից, որոշ դեպքերում՝ նրանց թիկունքում կանգնած կամ իրական շահառու, նախկին բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող ընտանիքների կողմից, և հետագայում այս գույքերն օտարվել են: Դրանց մեծ մասի փոխարեն այսօր կառուցվել են առանձնատներ կամ բիզնես կենտրոններ: Այդ մասին Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 9-ի նիստին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

«Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկանքի համաձայն՝ 1991 թվականից մինչ այսօր նմանատիպ գույքերի թիվը գերազանցում է շուրջ 27 հազարը, այսինքն՝ անկախացումից հետո՝ 1991 թվականին, երբ ընդունվեց ՀՀ պետական սեփականության մասին օրենքը, այնտեղ շատ պարզ գրված էր, որ խորհրդային սոցիալիստական գործող բոլոր կազմակերպություններին պատկանող գույքը ՀՀ սեփականությունն է»,- ասաց պատգամավորը, ապա հավելեց, որ անկախացումից հետո օրենքի բացերի պատճառով և առերևույթ կոռուպցիոն մեխանիզմներով այս գույքերի համանուն անվանմամբ ստեղծվեցին ՀԿ-ներ և դրանց մի մասը, համարելով իրեն Սովետական Հայաստանի իրավահաջորդ, փաստացի օգտագործել են այդ գույքերը:

2003 թվականին օրենսդիրն ընդունեց հողային օրենսգրքին առնչվող մի որոշում, համաձայն որի՝ այս օրենքի ուժի մեջ մտնելու պահին այն բոլոր գույքերը, որոնք օգտագործվում են անհատի կամ կազմակերպության կողմից, ավտոմատ համարվում են անհատի կամ կազմակերպության սեփականությունը: Այդ գույքերը մարզադպրոցներ են, հիվանդանոցներ, մանկապարտեզներ, մշակութային արժեք ներկայացնող շենք-շինություններ:

«Այդ գույքերի մի մասը գոյություն չունի, մի մասն էլ առկա է: Նախնական հաշվարկներով՝ դրանց արժեքային շուկայական գինը գերազանցում է մոտ 1,5 մլրդ դոլարը»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ որոշ գույքերի մասնավորեցման դեպքում եղել են կոռուպցիոն երևույթներ:

Այս մասով նախագծի հեղինակները ՔՕ-ում կարգավորումներ անելու առաջարկ ունեն. «Նախ՝ գույքերի ցանկը կհրապարակվի Կառավարության կողմից կամ Կադաստրի կոմիտեում կլինի այդ գույքերի ցանկը: Այս բոլոր գույքերն օտարվելուց առաջ պետք է անցնեն երկու կարևոր փուլ. պետք է տեղի ունենան հանրային լսումներ, այսինքն՝ հանրությանը երբեմն պատկանած այս գույքերն առանց հանրության հետ հաղորդակցվելու, առանց հանրության կարծիքը լսելու կամ որոշ դեպքերում՝ առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, չեն կարող օտարվել:

Երկրորդ պայմանը հետևյալն է, որ կազմակերպությունները գույքը կարող են օտարել բացառապես իրենց անդամների 2/3-ի համաձայնության դեպքում»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այդ գույքերը հիմնականում Կենտրոնում են:

Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանն ասաց, որ նախագծի նպատակը հասարակության և պետության համար կարևորագույն արժեք ներկայացնող գույքերի՝ այլ նպատակով օգտագործումը նվազեցնելն է:

Հարցին՝ ի՞նչ կլինի այն գույքերի հետ, որոնք ոչ իրավաչափ են օգտագործվել այս տարիների ընթացքում, արձագանքեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը՝ նշելով, որ այս նախագիծը դա չի կարգավորում. «Սա ՔՕ-ում համապատասխան դրույթներ է նախատեսում, թե ինչպես պետք է այսուհետ իրականացվի նմանատիպ գույքերի օտարումը՝ առանց շեղվելու դրանց նպատակային օգտագործումից»:

325