
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Մասիսն է կամ Մեծ Արարատը։
Սա բառացի ձևակերպումն է նոր հրատարակված և դպրոցներում ներդրված դասագրքից։ Ավելին, ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ բոլորովին նոր առարկա է դպրոցում։ Սա կարճ պատասխան է մեր ընդդիմախոսների հերթական կեղծ պնդումներին, թե իբր Արարատը ջնջում ենք մեր ինքնությունից։
Հարգելի հայրենակիցներ, ցավոք, հիմնական ասելիքս ավելի դառն է։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է՝ ուշադրություն, մոտ 24․200 մեր ինքնությունը խորհրդանշող պատմամշակութային արժեք, որոնց գրեթե 90 տոկոսը կիսավեր, անխնամ կամ անտեսված է։ Տասնամյակներ շարունակ աղբակույտով պարփակված վանքեր, հնավայրեր, հուշարձաններ, խաչքարեր, ամրոցներ և այլն։
Դրանք բոլորը մերն են՝ մեր կողքին, մեր ինքնիշխան տարածքում, մեր ստեղծած և միջազգային ճանաչում ստացած Հայաստանի Հանրապետությունում։ Կնիքի վրա Արարատի ուրվագծի լինել-չլինելուց առաջ հարկավոր է նորոգել, խնամել ու սրբության նման պահել մեր ինքնության այս մասնիկները։
Վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարությունը միլիարդավոր դրամներ է հատկացնում դրանց վերականգնման համար՝ մի բան, որը ցավոք նախկինում չի եղել։ Եվ դեռ քանի տարի, եթե ոչ տասնամյակ, է պետք, որ հայ ժողովրդի ինքնության այս վառ վկաները բերենք պատշաճ վիճակի։ Իսկ ամենակարևորը՝ խնամենք ու իրապես սիրենք դրանք մեր ամենօրյա հոգատար վերաբերմունքով։
Ի դեպ, դասագիրքը լավն է ստացվել, մեկնաբանությունում կթողնեմ այն։