Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վերջին ամիսներին Կոկսակի վիրուսը դարձյալ հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ պայմանավորված նրա հնարավոր վտանգավոր ազդեցությամբ և արագ տարածվելու կարողությամբ։ Վիրուսը հատկապես լայն տարածում է գտել մանկապարտեզներում, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել ծնողների շրջանում։ Այն հեշտությամբ է փոխանցվում երեխայից երեխային՝ անմիջական շփման, խաղալիքների կամ այլ առարկաների միջոցով։
Շատ ծնողներ ահազանգում են, մտավախություն ունենալով, որ վիրուսը կարող է երեխաների մոտ ծանր ընթացք ունենալ:
Այսպիսով, ինչ է իրենից ներկայացնում Կոկսակի վիրուսը և արդյոք արժե՞ վախենալ։
Կոկսակի վիրուսը մտնում է էնտերովիրուսների խմբի մեջ, որը պարունակում է երեք հիմնական խմբեր՝ Կոկսակի Ա, Կոկսակի Բ և Էկո վիրուսներ: Այս վիրուսները բավականին կայուն են արտաքին միջավայրում, կարող են երկար մնալ ջրում և մակերեսների վրա, ինչպես նաև դիմացկուն են սառեցման նկատմամբ։ Հիմնականում դրանք ոչնչացվում են միայն բարձր ջերմաստիճանում, օրինակ՝ եռացնելու միջոցով:
Հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Ներսես Գրիգորյանի խոսքով, վիրուսը մարդկանց մոտ կարող է առաջացնել մաշկային ցան, նյարդային և ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ։ Տիպիկ ախտանշաններից են բարձր ջերմությունը և ընդհանուր թուլությունը։ Ցանը հիմնականում լինում է բերանի խոռոչում, ձեռքերի ափերին և ոտքերի ներբաններին, ինչի համար էլ հաճախ անվանում են «ձեռք-ոտք-բերան»:
«Այս վիրուսը բավականին հեշտ տարածվում է՝ հիմնականում բերանի միջոցով կամ օդակաթիլային ճանապարհով։ Վիրուսից խուսափելու համար կարևոր է պահպանել հիգիենայի կանոնները՝ ձեռքերը հաճախակի լվանալ, սնունդը լավ մշակել և խուսափել վարակակիրներից։ Տարածումը կանխելու համար վարակակիրները պետք է պարտադիր անցնեն բժշկական հետազոտություն և բժշկական խորհրդատվություն»,- ասաց բժիշկ-համաճարակաբանը:
Վերջին 10 ամիսների ընթացքում 130 հետազոտություններից Հայաստանում գրանցվել է էնտերովիրուսների միայն 21 հաստատված դեպք, ինչը վկայում է համեմատաբար ցածր ակտիվության մասին։ Սովորաբար ավելի շատ դեպքեր արձանագրվում են ամառ-աշուն սեզոնին, երբ հանգիստի մեկնողների թիվը լինում է բավականին բարձր և տարբեր քաղաքներից վիրուսը բերում են Հայաստան՝ դառնալով վարակի խումբ:
«Տարիքային խիստ առանձնահատկություն չկա, բոլոր շերտերն էլ կարող են վարակվել: Կոկսակի վիրուսը հիմնական խոցելի խումբը նրանք են, ովքեր ունեն թույլ իմունային համակարգ, ինչպիսիք են երեխաները և նորածինները, իմունային խանգարումներ ունեցող անձինք, ինչպես նաև ՄԻԱՎ ունեցողները»,- նշեց բժիշկ-համաճարակաբանը:
Բժիշկ-համաճարակաբանի խոսքով վիրուսը կարող է երկար պահպանվել մարդու օրգանիզմում, ինչն էլ կնպաստի վարակի տարածմանը ցանկացած ժամանակ, սակայն 90 տոկոսը արտահայտվում է թույլ ձևով:
Առողջապահության նախարարի հրամանով իրականացվում է Կոկսակի վիրուսային հիվանդության հայտնաբերման և դրա դեմ պայքարի միջոցառումների ծրագիր։ Վիրուսի առկայության դեպքում, կամ դրա կասկածի դեպքում, իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն՝ վարակի աղբյուրը և տարածման հնարավորությունները հայտնաբերելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է օջախի ախտահանում, որպեսզի կանխվի վարակի տարածումը։ Բոլոր դեպքերը պարտադիր հետազոտվում են, ինչը թույլ է տալիս խուսափել բռնկումներից։ Մեկուսացում չի պահանջվում։
Սիլվի Պետրոսյան