Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ՝ հաջորդ տարվա բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթում այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իրավագետ Արտաշես Խալաթյանը Araratnews-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վարչապետի հայտարարության հիմքում ընկած են մտածումներն Անկախության հռչակագրում տեղ գտած այնպիսի դրույթների մասին, որոնք կապ չունեն անկախության և ինքնիշխանության ինստիտուտի հետ, որոնք իրենցում ներառում են որոշակի արտաքին քաղաքական ուղենիշներ, որոնք, որպես կանոն, կառավարության որոշելիքն են:
«Այսինքն՝ արտաքին քաղաքականությունը այնպիսի ինստիտուտ է, որ ուղղակիորեն կախված է մի շարք՝ հիմնականում ոչ իրավական բնույթի գործոններից, ինչպիսիք են՝ արտաքին քաղաքական համապատասխան միջավայրի առկայությունը, պետության ռեսուրսային բազան, տնտեսական կարողունակությունը, այլ պետությունների հետ պատերազմական իրավիճակի առկայությունը կամ բացակայությունը և այլն: Այսինքն՝ չի կարող որևէ արտաքին քաղաքական սկզբունք լինել ավելի բարձր, քան Սահմանադրությունը, ավելի բարձր, քան ինքնիշխան պետությունը, և չի կարող ունենալ այնպիսի կարգավիճակ, որ ինքնիշխան պետության ամբողջ կառուցակարգը, մեխանիզմը ծառայեցվի այդ սկզբունքի գործառմանը»։
Նա նշեց, որ խոսքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատար կանգնելու Անկախության հռչակագրի 11-րդ կետի մասին է․ «Եթե ընդունում ենք, որ անկախության հռչակագիրը ունի սահմանադրական նշանակություն, ինչպես պնդում են մի շարք իրավաբաններ և քաղաքական գործիչներ՝ դա նշանակում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, անկախ ամեն ինչից, պետք է մշտապես իր առանցքում ունենա այդ գաղափարը։ Այսինքն՝ սա նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունները երբևէ չեն կարող ապրիորի կարգավորվել․ ընդ որում խոսքը ամենևին չի վերաբերում Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելուն, սա վերաբերում է Հայաստանի սահմանադրաչափ ազգային շահը առաջ տանելու հնարավորությանը։ Օրինակ, առաջին նախագահի կառավարման ժամանակ, ըստ էության սփյուքին էր պատվիրակված Ցեղասպանության միջազգային ճանաչման շուրջ լոբբիստական ֆունկցիան, այսիքնն՝ պետությունը պաշտոնապես դիստանցավորվում էր այդ հարցից, բայց միաժամանակ սփյուռքի ջանքերը նպատակաուղղված էին այդ նպատակին։ Հիմա, օրինակ, եթե ընդունենք, որ Անկախության հռչակագրի այդ դրույթը անբեկանելի սահմանադրական նշանակություն ունի, դա նշանակում է, որ անգամ Տեր-Պետրոսյանի ժամանակ այդ արտաքին քաղաքական մոտեցումը հակասում է Անկախության հռչակագրի 11-րդ կետին, ինչը ուղիղ վերարտադրում է Հայ հեղափոխական դաշնակցության ծրագրային դրույթը՝ Հայ դատի վերաբերյալ և բացարձակապես քաղաքական-կուսակցական երանգավորում ունի․ եթե մենք դա որպես սահմանադրական արժեք ենք ընկալում, նշանակում է մենք ինքնիշխան Հայաստանի Հանրապետությանը կաղապարում ենք և թույլ չենք տալիս, օրինակ, շատ կենսականորեն կարևոր հարց լուծել՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը․ օրինակ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, և մենք որևէ քաղաքական քայլ Թուրքիայի ուղղությամբ պայմանավորում ենք երբևէ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ, իսկ դա նշանակում է անորոշ ապագայի թողնել ՀՀ ինքնիշխանության համար շատ կարևոր մի ուղղություն»։
Երկրորդը, Խալաթյանի խոսքով՝ Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին որոշումն է, որը դե յուրե վաղուց դադարել է գոյություն ունենալ, ընդ որում՝ հենց 1991 թվականի դեկտեմբերի 10-ի Արցախի ժողովրդի անկախաության հանրաքվեի արդյունքում, որով ԼՂ ժողովուրդը հռչակել է իր անկախությունը ՀՀ-ից․ «Եթե մենք այդ դրույթը ընդունում ենք որպես իրավական եղելություն, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտում է միջազգային իրավունքի նորմերը՝ հռչակելով իր իրավական տիտղոսը մի տարածքի նկատմամբ, որի ժողովուրդը իր կամարտահայտությամբ չի ցանկանում լինել ՀՀ մաս և դա նշանակում է, որ անկախության հռչակագրի նախաբանում տեղ գտած այդ դրույթը ուղիղ ական է նաև ՀՀ ինքնիշխանության տակ, որովհետև կարող է Ադրբեջանին լեգիտիմ առիթ տալ այդ փաթեթավորմամբ հարձակում գործել ՀՀ վրա»։
Նա նշեց՝ քանի որ ՀՀ Սահմանադրությամբ հռչակված է, որ հենց Սահմանադրությունն է բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտը, որի շուրջ կառուցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, արդեն իսկ դրանով հստակորեն ցույց է տրվում, որ Սահմանադրությունը անջատ է Անկախության հռչակագրից․ «Այսօր Անկախության հռչակագիրը ունի բացառապես պատմաքաղաքական արժեք, իսկ իրավական առումով Սահմանադրությունից վեր չկա և չի կարող լինել որևէ իրավական ակտ և ավելին՝ Սահմանդրության տեքստի որևէ մեկնաբանության չի կարող այնպիսի իմաստ հաղորդվել, որ օրինակ՝ Սահմանդրությունը իրենում ներառում է բուն Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը»։
Իրավագետը կարծում է, որ Անկախաության հռչակագիրը որևէ սուբյեկտ չի կարող չեղարկել և Սահմանդրության նախաբանը նույնպես, ինչը անփոփոխ դրույթ է հենց ՍԴ որոշմամբ․ «Այլ հարց է, որ Անկախության հռչակագրի որևէ այլ դրույթ կարող է Սահմանադրությունում ներառվել երբևէ՝ բացառապես հանրաքվեով․ այսինքն՝ Անկախության հռչակագիրը ՀՀ-ում ստորադասված է ժողովրդի կամքին և ժողովրդի կամքն էլ արտահայտվում է նոր Սահմանադրության ընդնումամբ կամ փոփոխմամբ։ Անկախության հռչակագիրը ՀՀ անկախությունը սկզբնավորող իրավական ակտ է եղել, մինչև 1995 թվականի Սահմանադրության ընդունումն էլ ունեցել է սահմանադրական նշանակություն և հետո իր տեղը զիջել է Սահմանադրությանը՝ ծառայած լինելով իր նպատակին»։
Նշենք, որ այսօր ՍԴ նախագահ Արման Դիլանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է թեմային, հայտարարելով․ «30 տարի Սահմանադրությունը ՀՀ-ի համար ընկալվել է որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ, և Անկախության հռչակագիրն իր ողջ ծավալով չի եղել Սահմանադրության մաս։ Եթե նայեք Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը և բովանդակային առումով համեմատեք, փորձեք նրանց նույն իրավական ուժի հարթության մեջ տեղավորել, ես չեմ պատկերացնում` դուք ո՞նց եք այդ հակասությունները լուծելու»։
Նրա խոսքով` անհասկանալի են այն հայտարարությունները, երբ ասվում է, որ Անկախության հռչակագիրը Սահմանադրության բաղկացուցիչ մասն է, այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն, որ ՀՀ-ն 20 տարի ոչ թե պառլամենտական, այլ նախագահական երկիր է եղել, մինչդեռ հռչակագրով մենք պետք է պառլամենտական երկիր լինեինք։
«Այսինքն` մենք կասկածի տակ ենք դնում առհասարակ պետական կառավարման համակարգը և դրանով պայմանավորված այդ ինստիտուտների՝ նախագահի, ԱԺ լեգիտիմությունը, եթե ասում ենք, որ հռչակագիրը Սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Ամբողջ 30 տարի ոչ մեկի մոտ այդպիսի տպավորություն, կարծիք չի եղել, ուղղակի մենք առաջին անգամ խորությամբ ուսումնասիրեցինք խնդիրը և արձանագրեցինք գոյություն ունեցող իրողությունը։ Այսինքն` նոր բան ՍԴ-ն չի ասել»,- ասել է Դիլանյանը։
Նա հավելել է` եթե քննադատաբար վերլուծեք Սահմանադրությունը և սեղանին դնենք Անկախության հռչակագիրը Սահմանադրության հետ միասին որպես մեկ միասնական տեքստ, արդյոք այս համեմատության դեպքում կունենա՞նք կայուն պետականություն և սպառնալիքի տակ չե՞նք դնի մեր սահմանադրական ինքնիշխանությունը։
Ադյան Գեղամ