
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսպանիան սպառնացել է բոյկոտել 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթը, եթե դրան մասնակցի Իսրայելը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News-ը։
Նշվում է, որ Իսպանիան դարձել է հինգերորդ հեռարձակողը, որը սպառնացել է բոյկոտել մրցույթը, եթե Իսրայելը մասնակցի։ Ավելի վաղ նման հայտարարություն են արել Նիդեռլանդները, Իռլանդիան, Սլովենիան և Իսլանդիան։
Այնուամենայնիվ, Իսպանիան առաջինն է մրցույթի, այսպես կոչված, «մեծ հնգյակի» երկրներից, որ նման հայտարարություն է անում։ «Մեծ հնգյակի» մեջ, բացի Իսպանիայից, մտնում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան։ Այս երկրներն ամենամեծ ֆինանսական ներդրումներն են կատարում «Եվրատեսիլ»-ում, և նրանց մասնակիցներն ավտոմատ կերպով անցնում են եզրափակիչ փուլ։
Sky News-ը նշում է, որ Իսպանիայի և մյուս երկրների կոչերը՝ արգելել Իսրայելի մասնակցությունը մրցույթին, մեծ ճնշում է գործադրում Եվրոպական հեռարձակող միության (EBU) վրա, որը կազմակերպում է մրցույթը։
EBU-ն հայտնել է, որ Իսրայելի մասնակցության վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել, և որ միությունը «հաշվի է առել մի քանի հեռարձակողների բարձրացրած մտահոգությունները»։
RTVE-ն՝ Իսպանիայի պետական հեռարձակողը, իր որոշման մասին հայտնել է սեպտեմբերի 16-ին տնօրենների խորհրդի քվեարկությունից հետո՝ 10 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն ավելի վաղ կոչ էր արել թույլ չտալ Իսրայելին մասնակցել մրցույթին՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հեռացվել էր մրցույթից 2022 թվականին Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո։