Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը,  հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է  Վաշինգտոնում տված հարցազրույցի ընթացքում՝ անդրադառնալով վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներին:

 

Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Վաշինգտոնում հանդիպումների արդյունքները։

Պատասխան. Եթե կարճ, ապա Սպիտակ տանը տեղի ունեցածն, իհարկե, պատմական իրադարձություն էր։ Նկատի ունեմ նախևառաջ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, որը կարևորագույն հանգրվան էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այդ նախաստորագրմամբ և դրան հաջորդած բանավոր հրապարակային հայտարարություններով ազդարարվեց, որ խաղաղությունը սահմանին էսկալացիաների բացակայության իմաստով արդեն իսկ հաստատված է և, ըստ էության,  սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։ 

Մեծ հաշվով նույնը կարելի է ասել ապաշրջափակման և ենթակառուցվածքների վերագործարկման մասին։ Չէի ցանկանա թյուր տպավորություն ստեղծել. ավարտվեց շատ կարևոր, հիմնարար՝ ենթակառուցվածքների գործարկման ընդհանուր սկզբունքների շուրջ բանակցությունների փուլը, բայց ընդամենը մեկ փուլը։ Առջևում հսկայական աշխատանք կա անելու ավելի կոնկրետ պայմանների և տեխնիկական լուծումների հստակեցման և համաձայնեցման ուղղությամբ։ 

Ուզում եմ նաև հավելել, որ Վաշինգտոնյան հռչակագրում արձանագրված պայմանավորվածություններն ակնհայտորեն էլ ավելի մեծ կշիռ են ստանում դրանում ամերիկյան կողմի մասնակցությամբ և որպես վկա ԱՄՆ նախագահի ստորագրությամբ։

Հարց. Խոսելով ենթակառուցվածքների մասին՝ Վաշինգտոնյան հռչակագրի հատկապես 3-րդ կետի շուրջ տարընթերցումներ, տարբեր մեկնաբանություններ են արվում փորձագետների, քաղաքական տարբեր հոսանքների ներկայացուցիչների կողմից։ Ինչպիսի՞ն է Ձեր ընկալումը։

Պատասխան. Բայց տարբեր մեկնաբանությունների տեղ չկա։ Համաձայնեցված է այն, ինչ գրված է, պետք է կարդալ այն, ինչ գրված է, հասկանալ այնպես, ինչպես գրված է, ոչ ավել, ոչ պակաս։ Իսկ գրված է, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ նաև Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և ապահովում է փոխադարձ առավելություններ։ Կրկին՝ ինչպիսին էլ լինեն տեխնիկական լուծումները, որոնք դեռ պետք է քննարկվեն, դրանք չեն կարող լինել նշածս շրջանակից դուրս։ 

Մնացած մեկնաբանությունները երևակայության արդյունք են կամ մարդկանց մոլորեցնելու փորձ։ Միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են հայտնի կենդանու համառությամբ որոշ «անկախ փորձագետներ» կամ «կախյալ» կուսակցականներ շրջանառում տերմիններ, որոնք ըստ էության ինչպես նախկինում մեր կողմից երբևէ չեն ընդունվել, այնպես էլ այժմ Վաշինգտոնյան հռչակագրում չկան։ Ցանկանում եմ նորից ընդգծել այն, ինչ գրված է սևով սպիտակի վրա՝ բոլոր ենթակառուցվածքները գործելու են երկրների ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն։ Սրանից ավելի հստակ ասել կարծում եմ՝ հնարավոր չէ։   

Բայց ես կառաջարկեի մեկ այլ կարևորագույն, ես կասեի, անկյունաքարային իրողություն արձանագրել. Վաշինգտոնյան հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությամբ Հայաստանն ապաշրջափակվում է, մի բան, որը ՀՀ ձգտումն է եղել 35 տարի։ Հայաստանն այսուհետ ստանում է հասանելիություն և կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար։ 

Հարց. Շահարկումներ կան նաև Խաղաղության համաձայնագրի մասով։

Պատասխան. Նախկինում քանիցս առիթ ունեցել ենք ասելու, որ Խաղաղության համաձայնագրի բովանդակությունը հիմնականում հայտնի է հանրությանը, նշել ենք, թե դրանում ինչ կա և ինչ վստահաբար չկա։ Օգոստոսի 11-ին, ինչպես պայմանավորվել ենք ադրբեջանական կողմի հետ, նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի։ Ողջամտության կանխավարկածով այդ պահից բոլոր շահարկումներն ուղղակի կդադարեն։ 

 

Հարց. Այցի ընթացքում կայացան նաև երկկողմ հանդիպումներ, հուշագրեր ստորագրվեցին, ի՞նչ է դա նշանակում, այդ թվում՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության համար։ 

Պատասխան. Իսկապես, այցը կարևոր էր նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների առաջմղման տեսանկյունից։ Փաշինյան-Թրամփ հանդիպման ընթացքում հնարավոր եղավ քննարկել ռազմավարական գործընկերության օրակարգի մի շարք հարցեր, ստորագրվեց երեք հուշագիր։

«Խաղաղության խաչմերուկի» կարողությունների զարգացման հուշագիրն արտահայտում է ԱՄՆ աջակցությունը «Խաղաղության խարմերուկ» նախագծին, ընդգծում Հայաստանի կարևոր դերը՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույց և վերահաստատում է Միացյալ Նահանգների աներկբա աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը։ Այն միտված է խթանելու Հայաստանի ենթակառուցվածքների և սահմանային անվտանգությունը։ Այն ներառում է մասնավոր ներդրումների խրախուսում և մաքսային և սահմանային կարողությունների ամրապնդում։

Արհեստական բանականության և կիսահաղորդիչների նորարարության վերաբերյալ հուշագիրը նպատակ ունի զգալիորեն խորացնելու համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ զարգացնելով կիսահաղորդիչների էկոհամակարգը և արհեստական բանականության կիրառությունները։ Այն ընդգծում է մասնավոր ներդրումների և պետություն-մասնավոր համագործակցության, ակադեմիական գործընկերության կարևորությունը։ Կողմերը հանձն են առնում խթանել աշխատուժի պատրաստումը և ամրապնդել տեխնոլոգիական գործընկերությունը։ Կողմերը նաև մտադիր են աշխատանքներ տանել հասնելու անրաժեշտ պայմանների ապահովմանը՝ ԱՄՆ արտահանման վերահսկման շրջանակում Հայաստանի կարգավիճակը բարձրացնելու համար։

Էներգետիկ անվտանգության հուշագիրը միտված է աջակցելու Հայաստանի էներգետիկ կայունությանն ու էներգետիկ համակարգի արդիականացմանը, մասնավոր հատվածի ներդրումների խրախուսմանը, ինչպես նաև զարգացնելու քաղաքացիական միջուկային համագործակցությունը։

Հուշագիրը նաև նախատեսում է տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խթանում և մասնագիտական կարողությունների զարգացում՝ ամրապնդելով Հայաստանի էներգետիկ ինքնաբավությունը։

Նշվածի և ռազմավարական գործընկերության այլ բաղադրիչների կյանքի կոչման ուղղությամբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ պայմանավորվել ենք առաջիկայում ակտիվացնել համատեղ աշխատանքը։ 

Ամփոփելով՝ պետք է նշեմ, որ այս հանգրվանին հասնելու համար ամիսներ շարունակ մանրակրկտորեն պլանավորված աշխատանք է իրականացվել, և այս փուլում աշխատանքների ծավալը և բովանդակությունը պետք է էլ ավելի ընդլայնվի։ Երեկ նախագահ Թրամփը ստորագրեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կյանքի կոչման նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հրամանագիրը, և մոտ առաջիկայում մենք Երևանում ակնկալում ենք բարձրաստիճան քննարկումներ այս ուղղությամբ՝ օգտագործելու այս կարևոր պահը հետագա սերունդներին ավելի փոխկապակցված Հարավային Կովկաս ժառանգելու նպատակով։  

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1226877

305