Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լրագրող Լիլիթ Աղեկյանն առաջին անգամ չի հանցանք կատարել:Նա բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել: Այդ մասին ԱԺ-ում ասաց քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչու է լրագրող Լիլիթ Աղեկյանի դեպքում եղել անհապաղ կալանավորում, իսկ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հետ կապված միջադեպի դեպքում, երբ ուղիղ եթերում նույնիսկ կա ծեծի դրվագ, Տիգրան Տեր-Մարգարյանն ազատ է ու պաշտոնավարում է:

Ըստ ՔԿ նախագահի՝ Լիլիթ Աղեկյանի դեպքում անազատության հետ չկապված խափանման միջոցներ նախկինում էլ ընտվել էին, բայց անձը չի փոխում իր վարքագիծը և կատարում է այլ հանցանքներ՝ անհարգալից վերաբերմունք դատավարության մասնակիցների նկատմամբ, խուլիգանություն, հարկադրված դիմել են այդ միջոցին:

«Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են առկա թե՛ դատարանում, թե՛ նախաքննության փուլում:

Մենք ի սկզբանե անազատության հետ չկապված խափանման միջոց ենք կիրառել: 1 գործով, 2 գործով, 3 գործով, երբ ընտրում ես անազատության հետ չկապված խափանման միջոց, երբ տեսել են՝ այդ խափանման միջոցն այլևս չի չեզոքացնում անձի՝ ոչ պատշաճ դատավարական վարքագիծը, վարույթն իրականացնող մարմինը կալանքի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել»,- պարզաբանեց ՔԿ նախագահը՝ մանրամասնելով, թե Լիլիթ Աղեկյանը դպրոցի և դատական նիստի բնականոն գործունեությունն է խաթարել, դրա համար ստիպված դիմել են այդ միջոցին:

Ինչ վերաբերում է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին, ապա ՔԿ նախագահը նշեց, որ այն արարքը, որը մեղսագրված է թաղապետին, ոչ մեծ ծանրության հանցագործություն է, որը կատարվել է առաջին անգամ: Իսկ պաշտոնավարման կասեցման կարիք չի եղել, քանի որ անձի դատավարական պատշաճ վարքագիծն ապահովելու համար բավարար էր պաշտոնյայի նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելու խափանման միջոցը:

472