Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Մերձավանի դպրոցում կատարվածին և գրել.

«Մերձավանի դպրոցի տնօրինուհու հիացմունքը պատճառած յուր սաների «կիրթ խոսք»-ի գագաթնակետը «հորս արև»-ն է։

Ու մի տեսնեք, թե նա ոնց է հալումաշ լինում, քրքրվում, պրճկվում, երբ այդ բառերով դպրոցի սաները «կնքում են» իբր հերթական փաստն ընդդեմ բուլինգի ենթարկվող ուսուցչուհու...

Ես գիտեի, թե «թուրքասիրությունը» մանկավարժին ներկայացվող միակ մեղադրանքն է, բայց «հորս արև կրթության» սիրահար և կազմակերպիչ տնօրինուհին ահագին դերաբաժանում է կատարել...

Էլ փող չունենալու, էլ փոր ցավելու պատմություններ։ Հատակ։ Անդունդ։ Մարիանյան իջվածք։ Ու այդտեղ տնօրինուհին է՝ իր հետ հատակ քաշելով նաև մատաղ սերնդին։ Ու այդ ամենը «Հորս արև» միջնակարգ դպրոցի տնօրինուհու առջև։ Ասես՝ սաները սովորած դասը պատմելիս լինեն, նա էլ գորովալից հայացքով «5» է նշանակում դերը լավ խաղալու համար...

Իմ աջակցությունն եմ հայտնում կազմակերպված հոգեբանական գրոհի թիրախ դարձած մանկավարժին ու պահանջում պաշտոնազրկել դպրոցի տնօրենին։

Ես դա առանց բացատրություններ պահանջելու կանեի։ Նա ահագին «բացատրվեց» տեսակադրերում, ու դա բավական է հասկանալու համար, որ նրան կրթության կազմակերպում չի կարելի թույլատրել...»:

Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի դպրոցում աշակերտներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել պատմության ուսուցչուհու դեմ։ Նրանց պնդմամբ՝ պատմության ուսուցչուհի Ռոզա Դավթյանը 6 ամիս է, ինչ դասավանդում է դպրոցում, և նա ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում արցախցիների մասին, քաոսի է վերածել դպրոցի բնականոն աշխատանքը, քարոզում է սիրել թուրքերին:

Ռոզա Դավթյանն էլ պնդում է, որ դպրոցի ամբողջ անձնակազմը, աշակերտներն ու ծնողները դուրս են եկել իր դեմ և կազմակերպված կերպով ցանկանում են ազատվել իրենից:

Աշակերտների փողոցային ժարգոնով հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել համացանցում: Փորձագիտական շրջանակները մտահոգություն են հայտնում նման խոսույթի համար և կոչ անում քայլեր ձեռնարկել:

 

286