
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Մրցույթի ամփոփմանը ներկա է եղել և մրցանակներ հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր 20 պատանի կոմպոզիտորի՝ ըստ ավագ և կրտսեր տարիքային խմբերի:
Ավագ խմբում հաղթողի կոչմանն է արժանացել Սյուզաննա Աղամալյանը (դաս.՝ Նաիրա Դիվանյան), իսկ կրտսեր խմբում՝ Արմեն Հովհաննիսյանը:
Ավագ խմբում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Արտաշես Մոսիկյանը (դաս.՝ Արփինե Կալինինա), իսկ երրորդ հորիզոնականը կիսել են երկու մասնակից՝ Գարիկ Հարությունյանը (դաս.՝ Աշոտ Ղազարյան) և Արամ Ասմանգուլյանը (դաս.՝ Արմենուհի Կարապետյան) միջև: Կրտսեր խմբում և՛ երկրորդ, և՛ երրորդ հորիզոնականների արժանացել են երկուական մասնակից. երկրորդ հորիզոնական՝ Գագիկ Ավետիսյան (դաս.՝ Արմենուհի Կարապետյան), Ադրիանա Շահինյան, իսկ երրորդ հորիզոնական՝ Մոնթե Միքայելյան (դաս.՝ Նելլի Մնացականյան), Արթուր Գրիգորյան (դաս.՝ Արփինե Կալինինա): Խրախուսական պատվոգրի է արժանացել մրցույթի ամենակրտսեր մասնակիցը՝ Յուրի Ավագյանը:
Բոլոր մասնակիցները պարգևատրվել են խրախուսական նվերներով, պատվոգրերով, իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև մրցույթի անվանական գավաթներով և դրամական պարգևներով: Դրամական պարգևների են արժանացել նաև մրցանակակիրների ուսուցիչները:
Երեկոյի ընթացքում Համո Սահյանի խոսքերով գրված «Գարունդ հայերեն է գալիս» ստեղծագործության կատարմամբ մասնակիցներին ողջունել են Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի սաները՝ երգի հեղինակի՝ անսամբլի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանի ղեկավարությամբ:
Մրցույթի մրցանակակիրները մայիսի 20-ին Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում հանդես կգան մեծ համերգով, որով էլ կեզրափակվի միրզոյանական 12-րդ տոնը: