Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի պատգամավորները մայիսի 19-ին հանդիպել են պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ հանձնաժողովի համանախագահ Հայկ Կոնջորյանն ընդգծել է Հայաստանի և Կիպրոսի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններն ու միջխորհրդարանական կապերը: «Դուք, վստահաբար, գիտեք, որ ինչպես Կիպրոսն է աջակցում Հայաստանին բոլոր կարևորագույն հարցերում, այնպես էլ Հայաստանը Կիպրոսի կողքին է ամենակարևոր հարցերի ժամանակ»,- շեշտել է Հայկ Կոնջորյանը:

Քաղաքական շեշտադրումներից բացի հանձնաժողովի համանախագահ Հայկ Կոնջորյանն ընդգծել է երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովների կարևոր դերակատարությունը: Նա անդրադարձել է Նիկոսիայում «Թումո» կենտրոն բացելու հարցին՝ հույս հայտնելով, որ նախաձեռնությունը հաջողություն կունենա:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն ընդգծել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև զգացմունքները փոխադարձ են, և Կիպրոսը շարունակելու է իր աջակցությունը Հայաստանին տարբեր միջազգային հարթակներում: «Մենք սիրում ենք հայերին և Հայաստանը»,- ընդգծել է Անիտա Դիմիտրիուն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, համագործակցության նոր հնարավորությունների: Քննարկվել է նաև երկու երկրներում դեսպանություններ ունենալու հարցը, ինչի հետ կապված աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

186