
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանը խափանել է «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու փորձը. այս մասին Tasnim-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
Նրա խոսքով՝ Իրանը երբեք այնքան հզոր, անկախ և ազդեցիկ չի եղել, որքան այսօր է։ Այս հզորության հստակ նշաններից մեկը Իրանի արագ և վճռական արձագանքն էր Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված ճգնաժամին։
«Երբ որոշ երկրներ փորձեցին Նախիջևանը կապել Ադրբեջանի հետ Հայաստանի միջոցով՝ «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու պատրվակով, որը, ըստ էության, կնշանակեր մասնատում, և իրանական միջանցքը դեպի Եվրոպա փակելու պատրվակ, Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ արտահայտվեց այս ծրագրին և խափանեց դրա իրականացումը», - ասել է Վելայաթին։
Նա պնդում է, որ Ջո Բայդենն ինքը՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում աշխատելիս, խոստովանել է, որ ամեն ինչ պատրաստ է միջանցքը գործարկելու համար, բայց հենց Իրանն է կանխել այս նախագծի իրականացումը։
«Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնիսկ առանց Ռուսաստանի աջակցության, կարողացել է պահպանել անվտանգությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում՝ խելացի դիվանագիտության միջոցով և կանխել ՆԱՏՕ-ի ներթափանցումը», - ասել է Վելայաթին։