
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Արմեն Աբազյանն արժանացել է, որ մի քիչ հանգստանա. Նիկոլ Փաշինյան այսպես արձագանքեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին պաշտոնից ազատելու իր որոշմանը։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԱԾ տնօրենին ազատելու իր այսօրվա որոշումը կապ ունի գործարար Սամվել Կարապետյանի շուրջ զարգացումների հետ, պատասխանեց, թե Աբազյանը իր վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում՝ 2020-ի նոյեմբերից, և աշխատել է ամենաբարդ ժամանակահատվածում. «Ես կարծում եմ, որ նա արժանացել է, որ մի քիչ հանգստանա»։
«ԱԱԾ տնօրենի աշխատանքը առնչվում է գրեթե ամեն ինչի հետ, հատկապես այն ամենին, ինչ վերաբերում է անվտանգությանը, հիբրիդային անվտանգությանը»,- պարզաբանեց Փաշինյանը։
Լրագրողների ճշտող հարցին, թե արդյոք ազատումը կարո՞ղ է կապված լինել այն բանի հետ, որ նա հրաման չի կատարել, Փաշինյանը պատասխանեց՝ ԱԱԾ տնօրենը չէր կարող չկատարել իր հանձնարարականը։
Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Աբազյանի ազատման պատճառը կապված է նախօրեին գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրավապահների գործողությունների հետ։ Հունիսի 17-ին Կարապետյանը իր աջակցությունը հայտնեց Ամենայն հայոց կաթողիկոսին և հայտարարեց, որ ինքը եկեղեցու կողքին է։ Այդ հայտարարությանը հետևեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կարապետյանին ուղղված գրառումները Ֆեյսբուքում, ինչին էլ հաջորդեց իրավապահների խուզարկությունը Սամվել Կարապետյանի երևանյան առանձնատանը։ Կեսգիշերն անց Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ տարվել է ոստիկանություն։