
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը և Ալեքսանդր Ավետիսյանը հունիսի 20-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկի գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Ողջունելով գործընկերների այցը Հայաստան՝ Արուսյակ Ջուլհակյանը բարձր է գնահատել հայ և լեհ ժողովուրդների բազմադարյա բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը:
«Լեհաստանը Հայաստանի համար չափազանց կարևոր երկիր է: Մեզ համար Լեհաստանն առանցքային դերակատարություն ունի Եվրամիությունում և ոչ միայն»,- ընդգծել է բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով Լեհաստանի հետ համագործակցության ամրապնդման կարևորությանը:
Խոսելով Եվրամիություն-Հայաստան հարաբերություններից՝ Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմանը Հայաստանում՝ փաստելով, որ դրանւց հետո որևէ լուրջ էսկալացիա հայ-ադրբեջանական սահմանին չի արձանագրվել: Արուսյակ Ջուլհակյանը նկատել է, որ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումն առանցքային նշանակություն ունի հայ-ադրբեջանական սահմանի կայունության ապահովման հարցում, և հույս հայտնել, որ առաքելության գործունեությունը շարունակական կլինի: Լեհ պատգամավորները բարձր են գնահատել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերը:
Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է նաև ԵՄ վիզաների ազատականացման հարցին և փաստել, որ այս կապակցությամբ ակտիվ երկխոսություն է ընթանում:
Խմբի ղեկավարն անդրադարձել է այդ ուղղությամբ ընթացող աշխատանքներին:
Հայ և լեհ պատգամավորներն ընդգծել են տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման, փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Ըստ զրուցակիցների՝ համագործակցության չիրացված ներուժ կա տնտեսության, գյուղատնտեսության, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում: Լեհ պատգամավորները դրական են գնահատել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերը: